Մեզ պատուհասած սպառնալիքներին դիմագրավելու համար անհրաժեշտ է համախմբում. Արման Թաթոյան


Մեզ պատուհասած սպառնալիքներին դիմագրավելու համար անհրաժեշտ է համախմբում. Արման Թաթոյան
Մայիս 28 14:33 2025

Մայիսի 28-ը խորհրդանիշն է մեր սուրբ երդման`պահպանելու, արժևորելու ու զորացնելու պետականությունը, որի գինը հայ ազգի արյունն էր, հայրենի հողի հանդեպ սերն ու պետության նվիրական երազանքը, այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«1918թ. մայիսի 28-ին սեփական հայրենիքում հազարամյակներ շարունակ ապրող մի հերոս ժողովուրդ հերոսների սխրանքներից ծնված կամքով հռչակեց՝ Հայաստանն անկախ է, մենք այլևս պետականության տեր ենք:

Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան մեր ոգու, անմատչելի նվիրումի, մեր անսասան գոյության ճիչերն են։ Այդպես մենք կերտեցինք հայկական պետություն՝ հարյուրամյակների ընդմիջումից հետո։

Մայիսի 28-ը կենդանի հիշեցում է, որ պետականությունն ու անկախությունը արժեքներ են, որոնց պետք է վերաբերվել խնամքով, պաշտպանել նվիրումով։

Այսօր, ինչպես 106 տարի առաջ, մեզ պատուհասած սպառնալիքներին դիմագրավելու համար անհրաժեշտ է համախմբում՝ աշխարհասփյուռ հայությամբ ու առանց իրար հանդեպ թշնամանքի, հանուն մեր իսկական պաշտպանի` Հայոց պետականության:

Շնորհավոր մայիսի 28:

Խոնարհումս բոլոր նրանց հիշատակին, ովքեր կյանքի գնով պսակեցին այս օրը»,- նշել է նա։