Ռոբերտ Ֆիցոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Ռոբերտ Ֆիցոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Մայիս 27 10:24 2025

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

 

Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

 

Այցի ավարտին Ռոբերտ Ֆիցոն շրջեց Հիշողության պուրակում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տնկեց արծաթափայլ եղևնի: