Ի՞նչ է կատարվում գետի այն հատվածում, որտեղից հայտնաբերել են 2 տարեկան Տիգրանի մարմինը


Ի՞նչ է կատարվում գետի այն հատվածում, որտեղից հայտնաբերել են 2 տարեկան Տիգրանի մարմինը
Մայիս 24 13:06 2025

Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների փրկարարները, ջրասուզակները վաղ առավոտից Կոտայքի մարզի Մարմարիկ գետում շարունակել են մայիսի 4-ին որոնվող 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ջրասուզակներն ու փրկարարները երեխային հայտնաբերել են Մարմարիկ գետում՝ Հրազդան ջերմաէլեկտրակայանի մոտ գտնվող կամրջի տակ: 

Երեխայի հայտաբերման մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից քննչական խումբը ժամանում է դեպքի վայր: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների և Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում էին մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:

Վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել էին նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կմ-անոց անտառում:

Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մոտ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել: Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները: