Վստահ եմ՝ դուք պատշաճ կերպով կկրեք շրջանավարտի պատիվը և ձեր գործունեությամբ կծառայեք մեր պետության շարունակական զարգացմանը. Սարգսյան


Վստահ եմ՝ դուք պատշաճ կերպով կկրեք շրջանավարտի պատիվը և ձեր գործունեությամբ կծառայեք մեր պետության շարունակական զարգացմանը. Սարգսյան
Մայիս 23 11:36 2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին, որում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ՝ մի իրադարձություն, որն իր մեջ համադրում է կրթական կարևոր շրջափուլի ավարտն ու կյանքի նոր էջի բացումը։

Դպրոցական տարիները ձեր կյանքում եղել են ձևավորող և ուղղորդող՝ լի գիտելիքի, փորձառության, ընկերության և բարոյական արժեհամակարգի ձևավորման գործընթացներով։ Այս օրը ձեզ համար կոչ է շարժվելու առաջ՝ նոր նվաճումների, նոր փորձությունների ու հաջողությունների ընդառաջ։

Դուք կանգնած եք կարևոր ընտրության ու պատասխանատվության շեմին։ Վստահ եմ, որ դպրոցում ստացած գիտելիքը, արժեքներն ու կարողությունները կծառայեն որպես ամուր հիմք՝ ձեր հետագա կրթական և մասնագիտական զարգացման ճանապարհին։ Ձեր յուրաքանչյուր հաջողություն լինելու է նաև ձեր ուսուցիչների, ծնողների և ամբողջ կրթական համակարգի հաջողությունը։

Ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել ուսուցիչներին՝ իրենց նվիրված աշխատանքի, սեր ու համբերություն պահանջող առաքելության համար։ Հարգանք և շնորհակալություն նաև ծնողներին՝ վստահության, խրախուսման և անմնացորդ սիրո համար։ Ձեր աջակցությունն այս ճանապարհի անբաժան մասն է։

Սիրելի շրջանավարտներ, թող ձեր ընտրած ուղին լինի լուսավոր և արդար։ Վստահ եմ, որ դուք պատշաճ կերպով կկրեք շրջանավարտի պատիվը և ձեր գործունեությամբ կծառայեք մեր պետության շարունակական զարգացմանը։

Շնորհավորում եմ Վերջին զանգի կապակցությամբ և մաղթում բազում հաջողություններ ձեր ապագա բոլոր նախաձեռնություններում։ Թող յուրաքանչյուր ավարտ լինի նոր ու պայծառ սկիզբ»։