«Իմ որդին չբարձրացավ բեմ, որովհետևս դուք չհասաք նրա աշխարհը». այս խոսքերը գրել է Սյուզի Շալունցը, ում որդին աուտիզմ ունի, ինչի պատճառով էլ չի մասնակցել իր տոնին՝ դպրոցի ավարտական միջոցառմանը։
Դավիթի մայրիկը հուզիչ գրառում է արել՝ ներկայացնելով Դավիթի պատմությունն ու ընդգծելով՝ աուտիզմը դատավճիռ չէ։
«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր... Բայց նա չմասնակցեց։
Այս օրը ես պատկերացնում էի տարիներ շարունակ։ Ներկայացնում էին նրան` բեմի վրա, ժպիտը դեմքին, ձեռքիս մեջ` ծաղիկներ... Բայց այդ օրն եկավ առանց իր իրական ներկայության։ Դավիթը մնաց տանը։
Դավիթը յուրահատուկ է։ Նա տեսնում է այն, ինչ մենք չենք նկատում, նա լսում է աշխարհի ձայները ուրիշ խորությամբ։ Բայց նա նաև վախենում է բարձր աղմուկից, անկանխատեսելի միջավայրից։ Նա պատրաստ էր ավարտել, բայց աշխարհը պատրաստ չէր նրան ընդունել։
Դավիթն ունի աուտիզմ։ Բայց այս պատմությունը աուտիզմի մասին չէ միայն։ Սա պատմություն է մի տղայի մասին, ում ընդունելը հեշտ չէր` ո՛չ դպրոցին, ո՛չ հասարակությանը։
Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված։ Պարզ դարձավ` սա իր տոնը չէր։
Ես` որպես մայր, անցել եմ մեղքի, վախի, ուժասպառության շատ փուլեր։ Եվ այսօր նույնպես` կանգնելով այս ցավոտ փաստի առաջ, պիտի անկեղծ ասեմ. ես էլ պատրաստ չէի։ Ոչ մի մասնագետ երբևէ չէր աշխատել ընտանիքիս հետ, որ հասկանանք` ինչպես ուժեղ լինել նման օրերին։ Ոչ ոք մեզ չէր նախապատրաստել այսպիսի կարևոր և ցավոտ սահմանագծին։ Ես մենակ եմ եղել իմ ընտրության մեջ` թողնել, որ նա տանը մնա, թե՞ ստիպել անցնել մի փորձություն, որը նա շատ դժվարությամբ կհաջողեր։
Եվ ես ուզում եմ հարցնել ձեզ` ինչու՞։
Ինչու՞ մեր երեխաները դեռ դուրս են մնում իրենց իսկ տոնական օրերից։ Ինչու՞ «ներառականություն» բառը մնաց միայն դպրոցական ծրագրերում, բայց ոչ իրական կյանքում։ Ինչու՞ մենք չենք մտածում բոլոր երեխաների մասին, այլ միայն նրանց, ովքեր համապատասխանում են «ընդհանուր» չափորոշիչներին։ Սա չհաջողված ներառականության հետևանք է։ Սա մի համակարգի հետևանք է, որ խոսում է «ներառման» մասին, բայց մոռանում է, որ դրա ամենակարևոր մասն այն ընտանիքներ են, ովքեր ապրում եմ յուրահատուկ երեխաների հետ։
Ես չեմ մեղադրում։ Բայց նաև չեմ լռում։
Ես ուզում եմ, որ հաջորդ Դավիթը բացակա չլինի իր իսկ տոնից։ Որ նրա մայրը կողքին կանգնի`ուժեղ, պատրաստված։ Որ նրա վախը վերածվի հպարտության։
Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ։
Սիրով և պատասխանատվությամբ` Դավիթի մայրիկ»,- նշել է Շալունցը։