Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները եւ, իսկապես, վատ եմ զգում։ Ա՜յ ես ձեր ցավը տանեմ, մի՛ վախեցեք։ Ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ի՜նչ ֆիզիկական հաշվեհարդար, ի՜նչ քաղաքացիական պատերազմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Դուք արդեն մի քանի տարի սրբապղծորեն հայհոյում եք ինձ։ Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ, ու չգիտեմ` ինչ, աննամուս կոլաժներ եք տարածում, երեխաներիս ծնունդն եք պղծում։ Ընդհանրապես լեզուներիդ տակ ոսկոր չկա, ինչ ուզում եք, ասում եք՝ ձեր ինտելեկտի եւ դաստիարակության սահմաններում։
Ու ի՞նչ...Ոչինչ։ Բա հիմա ինչու՞ եք վախենում։
Ընդամենը ձեզ հետ ձեր լեզվով եմ խոսում։ Պարզվեց` դուք այլ լեզու չեք հասկանում։ Ստիպվա’ծ էի ձեզ հասկանալի լեզվին անցնել։
Այնպես որ, մի՛ վախեցեք իմ գրառումներից։ Եւ, ընդհանրապես, ոչ մի բանից մի’ վախեցեք։
Պատերազմից վախենում եք, խաղաղությունից վախենում եք, թշնամուց վախենում եք, բարեկամից վախենում եք, ասված խոսքից վախենում եք, չասվածից վախենում եք…
Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ տգետ եք։ Որքան քիչ գիտելիք ունես, որքան նեղ է աշխարհայացքդ, որքան սահմանափակ աշխարհընկալումդ, այնքան ամեն ինչ վախենալու է թվում` նույնիսկ խոսքը։
Եւ միայն հիստերիկ վայնասունի մեջ եք ձեզ պաշտպանված եւ ապահով զգում, դրոշ-մրոշ վառելով էլ ձեզ ուժեղ զգում։ Ախր սրա’ համար եմ ասում՝ կրթվելը նորաձեւ է։
Ինչեւէ՝ այսպես երկար չեմ շարունակի, ինչ-որ պահի կդադարեցնեմ։ Մինչ այդ, սակայն, ստիպված եմ ձեզ հասանելի բառապաշարով անդրադառնալ իմ մասին ձեր տարածած զառանցանքներին՝ առանձին-առանձին։ Եւ հատկապես իմ՝ հարստություն կուտակելու մասին ոմանց անբարո ֆանտազիաներին։
Դուք այնքան անուղեղ եք, որ այսքան ժամանակ մեկդ հարց չտվեց ինքն իրեն՝ բա լավ, որ էս ամեն ինչը ճիշտ է, ինչու՞ է այդչափ հարստություն ունենալով հանդերձ, վարչապետի տիկին լինելով հանդերձ, աշխատավարձով աշխատում հիմնադրամում։
Իրականում` ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ։ Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»,-գրել է նա։