Կառավարությունը մեր բրենդի կոնյակի սպիրտ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել և չի թողնի. Գևորգ Պապոյան


Կառավարությունը մեր բրենդի կոնյակի սպիրտ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել և չի թողնի. Գևորգ Պապոյան
Մայիս 22 13:21 2025

«Շատ չեմ բացի փակագծերը, բայց ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարաը հայտնեց, որ ոլորտի բոլոր կազմակերպություններին կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի՝ անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը:

Նա նշեց, որ առաջիկայում հանդիպում է նախատեսվում կոնյակագործների հետ և կամփոփվեն նաև քննարկումների արդյունքները վրացական կողմի հետ:

«Կառավարությունը մեր խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին և մեր բրենդի կոնյակի սպիրտ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել և չի թողնի, և մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք, և դուք ապագայում դա կտեսնեք»,- ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է Հայաստան մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը:

Պապոյանը գործարար համայնքին կոչ արեց պատրաստվել տուրիստական հոսքերին։

«Մենք ավարտեցինք մեկ ծրագիր Համաշխարհային բանկի հետ, որտեղ հսկայական ծավալով ներդրումներ եղան մեր զբոսաշրջային ենթակառուցվածքների մեջ, և մենք կկնքենք նոր վարկային համաձայնագիր ՀԲ-ի հետ, որով Հայաստանը իր զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար 100 մլն դոլար կներդնի: Մասնավորապես, Գորիսի համար կներդնենք, Եղեգիս ագրոկլաստերը կստեղծենք Եղեգիս համայնքում, Արենի գինու կլաստերը կստեղծենք, Գյումրու վրա մեծ ներդրումներ կիրականացնենք, Դիլիջանը, որպես առողջարանային կլաստեր, Ջերմուկի վրա շատ մեծ ներդրումներ ենք պատրաստվում անել, Ապարան կլաստերի վրա, Դվին կլաստերի վրա, և այսպես շարունակ»,- հայտնեց Պապոյանը: