«Պատիվ ունեմ» խմբակցության երեկվա հայտարարությունը, որ խմբակցության պատգամավորները, վերահաստատելով ս.թ. մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների ՔՆՆԱՐԿԵԼ վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում են կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին, առաջացրել էր վերջինիս վրդովմունքը: Կեսգիշերին մոտ Փաշինյանի նախկին հատուկ հանձնարարականներով դեսպանը մի մեծ բաժակ ջուրը ձեռքին փորձում էր հանրությանն ապացուցել, թե որքան ազնիվ են իր մղումները, բայց նախկին «չար» կառավարիչները չեն ցանկանում իրեն աջակցել, որ ստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը, ազգին էլ «փրկի»: Այն, որ «Պատիվ ունեմ»-ը չէր պատրաստվում Նիկոլ Փաշինյանին փոխարինել, մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատող Մարուքյանով պարզ էր, սակայն տարօրինակ կերպով լուռ է խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությունը: Նրանք ևս հայտարարել էին, որ պատրաստ են 28 պատգամավորի ստորագրություն տալ՝ վարչապետի անվստահության գործընթացի ապահովման համար: Երեկվա լայվում Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե խոսել է Սեյրան Օհանյանի հետ, և վերջինս ասել է, որ եթե առկա երկու ստորագրություններին ավելանան ևս վեցը, ապա իրենք կքննարկեն:
Այսօր էլ ԱԺ-ում Irakanum.am-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն այս գործընթացի վերաբերյալ: Մանուկյանը շատ կարճ արձագանքեց, ասելով՝ ութ ստորագրությունով կգան, դրանից հետո կխոսենք:
Հիմա հարց «Հայաստան» խմբակցությանը: Եթե նախկին ՔՊ-ականներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանին և ինչպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ բնորոշել նրանց քաղաքական միավորումից ծնված Էդմոն Մարուքյանին հաջողվի հավաքել ևս ութ պատգամավորի ստորագրություն, ապա պատրաստ են Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրել: Ռոբերտ Քոչարյանն առնվազն այս հարցի վերաբերյալ պարտավոր է հրապարակային դիրքորոշում հայտնել, եթե ոչ անձամբ՝ ապա իր թիմակիցների շուրթերով, որպեսզի հանրության համար ևս պարզ դառնա, պատրաստ է արդյոք «Հայաստան» դաշինքը Նիկոլ Փաշինյանին փոխարինել Էդմոն Մարուքյանով, թե այնուամենայնիվ ոտքերը կախ կքցեն, մինչև հաջորդ տարվա ընտրություններ, որոնց ելքը ըստ էության կանխորոշված է: