«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրել է․
«Սևանի Չկալովկա գյուղում բրուցելյոզի բռնկում է։ Բրուցելյոզը (հայտնի է նաև որպես Մալթայի տենդ) վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Brucella տեսակի բակտերիաներով։ Այն փոխանցվում է մարդկանց հիմնականում վարակված կենդանիներից կամ նրանց արտադրանքներից (կաթ, միս, ), ինչպես նաև ուղիղ շփման միջոցով՝ վարակված կենդանու հետ։ Սա դասական դեպքն է, երբ երկրում անասնաբուժության վախճանի արդյունքում, որին միացել է առողջապահության վախճանը, տուժում են բնակիչները, այս դեպքում՝ մի ամբողջ գյուղ։ Եվ դեռ հայտնի չէ՝ միսը և կաթնամթերքը որտեղ և ինչ քանակությամբ է վաճառվել, և քանի մարդ է հիվանդացել։
Երբ խոսում էի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» անգործությունից և անտրամաբանական օպտիմալացումներից, կանխատեսում էի նմանատիպ դեպքերը ․․․
Մնում է միայն բնակիչներին խորհուրդ տալ․
1․Չօգտագործել հում կաթ կամ չպաստերիզացված կաթնամթերք
2․Կրել պաշտպանիչ հագուստ կենդանիների հետ աշխատելիս
3․ Եթե ունեք բարձր ջերմություն (տենդ, հաճախ՝ ալիքաձև․ բարձրանում է, ապա ընկնում), քրտնարտադրություն (հատկապես գիշերային), հոգնածություն և թուլություն, հոդացավեր և մկանացավեր, գլխացավեր, քաշի կորուստ, ապա շտապ դիմել բժշկական օգնության։