Շենգավիթում սկանդալային զարգացումներ. զանգվածային ազատումներ՝ վարչական շրջանի ղեկավարի պահանջով


Շենգավիթում սկանդալային զարգացումներ. զանգվածային ազատումներ՝ վարչական շրջանի ղեկավարի պահանջով
Մայիս 17 17:18 2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնում վերջին շաբաթներին սկանդալային զարգացումներ են արձանագրվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, բաժնի ներկայիս և նախկին աշխատակիցների մի մասը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, իսկ մի շարք աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել՝ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հրահանգով։  

Ըստ Meganews.am-ի տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 13 աշխատակից։ Նրանցից մեկը հրաժարվել է կատարել ղեկավարության՝ օրենքի սահմաններից դուրս պահանջը, ևս երկուսը  հետագայում վերականգնվել է աշխատանքի, սակայն մյուսները փաստացի հեռացվել են՝ առանց իրենց կամքի։   Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, Meganews.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան, սկզբում նշեց, որ դեպքի մասին տեղեկացել է մամուլից և չի կարող մեկնաբանել՝ առանց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հետ զրուցելու։ Այնուհետև հավելեց․   «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ որոշ աշխատակիցների հետ շարունակելու ցանկություն չունի՝ նրանց աշխատանքի վերաբերյալ եղած դժգոհությունների հիմքով։ Սա է ամբողջ պատմությունը»։   Չնայած այդ պարզաբանմանը՝ իրավիճակի շուրջ առաջացած աղմուկը և զանգվածային ազատումները հանրային մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ արդեն իսկ մտահոգություն են հայտնել, որ նման գործընթացները կարող են խախտել աշխատողների իրավունքները և իրավական ընթացակարգերը։   Դեպքի զարգացումներին կշարունակենք հետևել։