Այսօր 10-րդ օրն է, ինչ հարազատները, փրկարարները, ոստիկանները և քաղաքացիները որոնում են 2-ամյա Տիգրանին։
Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանը այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրան Պետրոսյանի որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև երեխան գտնվի։
Նրա խոսքով՝ մայիսի 4-ին, ժամը 11:45-ին, Կոտայքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ Մարմարիկ բնակավայրում 2-ամյա երեխա է կորել։ Կա հիմնական վարկած, որ երեխան կարող էր ընկնել գետը, քանի որ տունը գտնվում է գետի անմիջական հարևանությամբ։
«Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն անմիջապես մեկնել են դեպքի վայր և այդ պահից սկսած իրականացնում են որոնողական աշխատանքներ։ Ներկայումս ինտենսիվ որոնումներ են իրականացվում․ ներգրավված է շուրջ 250 փրկարար ծառայող, որոնց թվում են ջրասուզակներ և հատուկ նշանակության փրկարարական ջոկատներ»,- նշել է Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքներ են իրականացվում ինչպես բնակավայրի տարածքում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
«Այս պահին որևէ արդյունքի չենք հասել, չունենք ոչ մի հետք, հագուստ կամ այլ առարկա։ Գետի որոշ հատվածներում տեղադրել ենք ցանցեր՝ հնարավոր հայտնաբերումների նպատակով։ Ցանցերը տեղադրվել են հինգ հատվածում՝ այնտեղ, որտեղ գետը համեմատաբար հանդարտ է»,- հավելել է նա։
Սեդրակյանը նաև ընդգծել է, որ բոլոր առաջ քաշված վարկածները ստուգվում են թե՛ ոստիկանության, թե՛ փրկարար ծառայության կողմից։
«Չկա որևէ վարկած, որը չլինի մեր ուշադրության կենտրոնում։ Մարմարիկ և հարակից բնակավայրերի բոլոր շենքերում ու շինություններում իրականացվել են համապարփակ որոնողական աշխատանքներ։ Այս պահին, ցավոք, դեռ արդյունք չունենք»,- նշել է նա։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև մեծ թվով կամավորներ։ Սեդրակյանի խոսքով՝ հարյուրավոր կամավորներ միացել են փրկարարներին ու մասնակցում են որոնումներին։
«Մենք շարունակելու ենք որոնումները անընդհատ, մինչև երեխային գտնենք»,- վստահեցրել է նա։
Իսկ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորել է չտարածել չստուգված տեղեկություններ՝ կապված Տիգրան Պետրոսյանի անհետացման և որոնողական աշխատանքների հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: