«Փաստ» օրաթերթը գրում է.
Վարկանիշային ցածրունքում գտնվող ու գահավիժել շարունակող Փաշինյանն ու նրա ՔՊ-ն իրենց ողջ էությամբ ու պահվածքով ցույց են տալիս, որ ամեն ինչ անելու են, ոչնչի առջև կանգ չեն առնելու, միայն թե «վերարտադրվեն» առաջիկա ընտրություններում, լինեն դրանք հերթական, թե արտահերթ:
Հասկանալի է՝ այդ նպատակով նրանք շարունակում են զանազան տարբերակներ փնտրել: Տարբերակներից մեկը, այսպես ասած, «սատելիտներն» են: Այսինքն՝ գրանցված մի քանի տասնյակ մարդ-կուսակցություններից ընտրվում կամ «զրոյից» ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք առերևույթ իբր ընդդիմադիր, բոլորին մերժող դիրքերից են հանդես գալիս, բայց իրականում դրանք «կեղծ բադիկի» դերում են, որոնք նպատակ ունեն «հանել» բողոքավոր ընտրազանգվածի ձայների մի մասը: Մյուս կողմից՝ եթե իրենց հաջողվում է շատ ավելի նկատելի «ձայներ տանել», ապա ավագանի կամ ԱԺ անցնելուց հետո կտրուկ միանում են իշխանությանը: Մի խոսքով՝ «սատելիտ» են, ավելի պարզ ասած՝ իշխանության կցորդ:
Մեր իրականության մեջ սա ոչ միայն տեսություն է, այլև պրակտիկա, որի օրինակները քիչ չեն: Սակայն, ինչպես երևում է, եղածներից Նիկոլ Փաշինյանը հույսը կտրել է՝ հասկանալով, որ նրանք որևէ կերպ անցողիկ շեմ հաղթահարելու շանս չունեն, առավել ևս՝ Գյումրու ընտրություններից, Նոր Նորքի թաղապետի հետ կապված խայտառակությունից հետո: Ըստ այդմ, նորերի փնտրտուքի մեջ է:
Օրերս էլ պարզվեց, որ համարյա արդեն 1 տարի է, ինչ հիմնադրվել է, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ էլ պետական գրանցում է ստացել բավականին բանաստեղծական անվանումով՝ Հայաստանի շնորհապետական կուսակցություն (մարդիկ, ըստ երևույթին, այդպես թարգմանել են մերիտոկրատիան՝ «արժանիների իշխանությունը»), որը գլխավորում է Գուրգեն Սիմոնյանը: Իսկ դա պարզվեց նրանից, որ հանրության լայն շրջանակներին անհայտ այս միավորի ղեկավարը վերջերս առանձնահատուկ արժանանում է իշխանական քարոզչամիջոցների, այդ թվում՝ Հ1-ի մեծ ուշադրությանը: Ավելին, ինչ-որ «հարցումներով» այդ կուսակցությանը վերագրվում է նույնիսկ «ռեյտինգներ»՝ ամբողջ 1,5 տոկոս:
Նորահայտ «մերիտոկրատներն» էլ հանդես են գալիս նախկինների ու ներկաների (իբր թե) դեմ, Ռուսաստանը համարում են թշնամի, դիրքավորվում են որպես ԵՄ-ամետ: Բայց բուն հարցը դա չէ:
Բուն հարցն այն է, որ հնարավոր է՝ գործ ունենք հերթական նիկոլական, այսինքն՝ Փաշինյանի ու նրա իշխանության կողմից «թրծվող» «ընդդիմության» հետ: Ի վերջո, պարզ է, չէ՞, որ հենց այնպես, առանց Փաշինյանի հրահանգի ու իշխանական հովանավորության այդպես չեն քարոզի Հ1-ով:
Կարծում ենք՝ սա միակ օրինակը չէ ու չի լինի, դե՝ վերը նշված հին «սատելիտներին» չհաշված: Գործնականում իշխանությունը փորձելու է որոշակի «փուչիկներ» փչել՝ ընտրություններին ընդառաջ: Նպատակը՝ փոշիացնել իշխանության դեմ տրամադրված, բայց դեռ լիարժեք չկողմնորոշված, նաև «նոր դեմք» փնտրող ընտրազանգվածի ձայները: Մյուս կողմից՝ եթե հաջողվի, փոշիացնելուց բացի, նաև անցողիկ շեմը «հաղթահարեցնել», ապա այդ կցորդների օգնությամբ պահել իշխանությունը:
Դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց տպավորություն է, որ Փաշինյանը ձեռքը փրփուրներին է գցում արդեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում