Սերտիֆիկատով բնակարան ձեռք բերած Քաշաթաղի 90 ընտանիքի բանկն ասել է՝ վճարեք հիփոթեքը. կառավարությունը 1 տարի 9 ամիս է՝ չի վճարել, խնդրից տեղյակ են, քննարկում են


Սերտիֆիկատով բնակարան ձեռք բերած Քաշաթաղի 90 ընտանիքի բանկն ասել է՝ վճարեք հիփոթեքը. կառավարությունը 1 տարի 9 ամիս է՝ չի վճարել, խնդրից տեղյակ են, քննարկում են
Մայիս 6 16:39 2025

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի 90 ընտանիք բախվել է լուրջ խնդրի: Բերձորի՝ Ադրբեջանի կողմից օկուպացիայից հետո ընտանիքները դուրս էին եկել Արցախից, նրանց տրամադրվել էր բնակարանների սերտիֆիկատներ: Այս պահի դրությամբ, կառավարությունը տևական ժամանակ է` չի վճարում այդ բնակարանների համար նախատեսված գումարը, ընտանիքները կանգնած են փողոց մնալու շեմին:

Tert.am-ի հետ զրույցում Աղավնոյի բնակիչ Աիդա Ավագյանը մանրամասներ է պատմել խնդրից:

«Մենք ապրելուց ենք եղել Աղավնոյում՝ Քաշաթաղի շրջանում, 20 թվին ամուսինս զոհվել է ու 22 թվականին Աղավնոն, որ հանձնեցին, օգոստոսի 20-ին մենք տեղափոխվեցինք Երևան: Այնուհետև մեզ ասացին, որ ծրագրի շահառու ենք՝ քանի որ տեղահանված ենք, զոհվածի ընտանիք և բազմազավակ և տվեցին 22 միլիոն դրամի սերտիֆիկատ: Չորս երեխա ունեմ՝ երեք աղջիկ, մի տղա, ընդ որում, աղջիկներից մեկն էլ՝ հաշմանդամ։ Այդ հավաստագիրը ստացել ենք, Արցախի Հանրապետության որոշումն է դա եղել»,- պատմեց նա:

Ապա նա նշեց, որ չեն հարմարվել Երևանին ու Գորիս են տեղափոխվել: Նա պատմեց, որ քանի որ չի կարող աշխատել, տուն է ընտրել, որն ունի փոքրիկ հյուրատուն, որը նաև բիզնես է:

«Շատ փնտրելուց հետո այս տունը գտա, հավաստագրից ավելին եղավ, գրեթե 7 միլիոն էլ ես եմ ավելացրել, ինձ կարևոր էր բիզնես լինի, քանի որ չեմ կարող աշխատել, հաշմանդամ երեխա ունեմ: Գնեցի այդ տունը, այդ 22 միլիոն դրամը պետությունն է տալիս, այդ հավաստագրի միջոցով: Մեկ տարի այդպես աշխատում եմ մինչև Արցախի հանձնումը, ութ ամիս պետությունը վճարել է այդ հիփոթեքը: Պետությունը 20 տարի բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել: Այսինքն, մարող կողմը պետությունն է, ես ուղղակի գնորդ եմ»,- ասաց նա:

Աիդա Ավագյանը նշեց, որ ինքը ոչ մի պարտավորվածություն չունի, իսկ արդեն սեպտեմբերի 23-ին, որ Արցախը լրիվ հայաթափվեց, հոկտեմբերին տեղի է ունեցել վերջին մարումը, բայց բանկը մեզ չի տեղեկացրել այդ մասին:

«Արդեն մարտի 25-ին  զանգ եմ ստացել ԱՄԻՕ բանկից, ասել են՝ Դուք պետք է Ձեր տան հիփոթեքը մարեք: Միանգամից քարացել եմ, ասել՝ ես հիփոթեքով տուն չեմ վերցրել, դե ի՞նչ մտածեմ, որ սերտիֆիկատի մասին է խոսքը: Ասացի՝ ես տուն չեմ վերցրել, ասացին՝ այն տունը որ ձեռք եք բերել սերտիֆիկատով, պետությունն արդեն մեկ տարի յոթ ամիս չի վճարում»,- պատմեց նա:

Աիդա Ավագյանը նշեց, որ արդեն 1տարի 9 ամիս է լրացել, ինչ կառավարությունը չի վճարել: Նրա խոսքով՝ իրեն մայիսի 5-ին SMS է եկել, որ վարկային արձակուրդն այսուհետ չի գործելու և որ մոտենա ու իր գրաֆիկը վերցնի:

«Երեկ գնացել եմ Կապան, որ վերցնեմ, բանկի կառավարիչն ասել է, որ  կառավարությունը խնդրել է, որ երկու ամիս էլ չվճարենք, այսինքն տոկոս չեն ավելացնի, մինչև այդ հարցը կլուծվի, բայց բանկի կառավարչի խոսքից ես հասկացա, որ հակված չեն լուծելու»,- նշեց նա:

Մի քանի օր առաջ Tert.am-ը խնդրի լուծման մասին տեղեկություն ստանալու համար դիմել էր աշխատանքի և սոցիալական հարցեի նախարարություն: Նախարարությունից արձագանքել են. «Խնդրից, բնականաբար, տեղյակ ենք, քննարկվում են լուծման տարբերակներ»: