Գյումրու ավագանիում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։
«Արթուր Վանեցյանը մի քանի օր առաջ զանգահարել է ԿԸՀ նախագահին, ով հավաստիացրել էր՝ պետք չէ, որ քաղաքական շահարկումներ լինեն, մայիսի 5-ին նիստ կլինի, համապատասխան մանդատը կփոխանցվի «Մեր քաղաքը» խմբակցությանը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Նա ասաց, թե Վանեցյանը երեկ կրկին փորձել է կապ հաստատել Հովակիմյանի հետ։ Նա, սակայն, չի պատասխանել հեռախոսազանգերին։
Հիշեցնենք՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, հետո՝ փոշմանել։