«Նույնիսկ այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ ԱԺ մեծամասնությունը՝ ՔՊ խմբակցությունն առաջինն է»-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ալեն Սիմոնյանը խոսում է այն հարցման տվյալների մասին, որոնցով ՔՊ-ի վարկանիշը իջել է 14%-ի։
Սիմոնյանն ասաց, թե չի հիշում տոկոսները, բայց վստահ է, որ եթե այս կիրակի էլ լինի ընտրությունները ՔՊ-ն հաղթելու է։
«Վստահ եմ, որ 50+1 %-ով, իսկ 2026 թվականին նույնիսկ ավելի շատ տոկոսով ՔՊ-ն կհաղթի»,- ասաց Սիմոնյանը։
Գյումրու ընտրությունների արդյունքների հիշեցմանը՝ Սիմոնյանը պատասխանեց, որ ՏԻՄ ընտրությունները համապետականի հետ չհամեմատեն, քանի որ 2021 թվականին Գյումրում ՔՊ-ն 60 % էր հավաքել, իսկ երկու ամսի անց նույն քաղաքի ՏԻՄ ընտրություններում՝ 20%։
Ֆեյսբուքով երկիր կառավարող ուժի երկրորդ դեմքը՝ ԱԺ նախագահը, հայտարարեց, որ Ֆեյսբուքից դուրս կյանք գոյություն ունի և հորդորեց կտրվել սոցիալական ցանցից, որտեղ գումարներով իրականություն է ներկայացվում։
«Ես հասկանում եմ, որ մեծաքանակ փող է ծախսվում դրսից, փող է գալիս դրսից»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը և հաստատելով, որ գալիս է հենց ՌԴ-ից, հավելեց. «Տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանների կողմից։ Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, որը պարբերաբար ակտիվանում է»։
Նա նշեց, որ ռուսական ալիքներով տարբեր մեկնաբաններ, նաև՝ հայկական «հեռու-հեռու» նշմարվող ազգանուններով մարդկանց միջոցով փորձում են Հայաստանում իշխանություններ փոխել, հանրահավաքների անոնսներ անել, որը 2026 թվականին էլ ավելի է ակտիվանալու։
«Նույնիսկ չեմ վախենում էդ բանը բարձրաձայնելուց, բայց այն հակառակ ազդեցությունն է ունենալու և X վարկանիշը, որն ունի ՀՀ գործող իշխանություններն այսօր, կրկնապատկելու է»,-ասաց Սիմոնյանը, բայց պնդեց, որ ՌԴ-ից հեղաշրջման վտանգ չի տեսնում, որովհետև վստահում է ՀՀ ժողովրդին։
Սիմոնյանը չհամաձայնեց կարծիքի հետ, որ Նիկոլ Փաշինյանն ոչ ցանկալի է ՌԴ-ի համար՝ քանի որ իրենց հակառակն են ասում, իսկ դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու են ՌԴ-ից ուզում Հայաստանում իշխանություն փոխել, նա ասաց, որ հետխորհրդային տարածքում ընտրված իշխանությունները նախընտրելի չեն ՌԴ-ի համար, քանի որ իրենց անկախության և պետականության բարձրացման առումով հստակ քայլեր են անում։
«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում Ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է», հայտարարեց Սիմոնյանը և նշեց, որ փաստեր չունի, այն միայն իր կարծքն է, բայց և չհամաձայնեց այն կարծիքների հետ, որ նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանն էլ ծառայում է Թուրքիային և Ադրբեջանին։