Փորձելու է Մոսկվայի եւ Կրեմլի վստահությունը նորից շահել. Փաշինյանը մայիսի 9-ի առթիվ Մոսկվա կմեկնի. «Ժողովուրդ»


Փորձելու է Մոսկվայի եւ Կրեմլի վստահությունը նորից շահել. Փաշինյանը մայիսի 9-ի առթիվ Մոսկվա կմեկնի. «Ժողովուրդ»
Մայիս 1 08:29 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն Փաշինյանի այցի մանրամասները գաղտնի են պահվում։

Դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ տեղեկանալու՝

1. արդյոք Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախորդ տարիներին, մեկնելու է նույն օրը և վերադառնալո՞ւ, թե՞ գիշերելու է ՌԴ-ում և վերադառնալու է հաջորդ օրը։

2․Ո՞ւմ հետ և ի՞նչ հանդիպումներ են նախատեսված Փաշինյանի այցի ընթացքում։

3․ Արդյոք նախատեսվա՞ծ են Փաշինյան-Պուտին, Պուտին-Ալիև կամ եռակողմ հանդիպումներ, և ի՞նչ օրակարգով է վարչապետը մասնակցելու այդ հանդիպումներին։

Վարչապետի աշխատակազմից հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։

Բանն այն է, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Փաշինյանը պատրաստվում է գիշերել Մոսկվայում և հետնաբեմում արտաքին քաղաքական հարցեր է փորձելու լուծել․ մասնավորապես փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: