Առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը գրել է. «Այսօր նորից արձանագրվել է շտապօգնության բրիգադի նկատմամբ բռնության դրսևորում՝ քաղաքացին դանակով հարձակվել է բուժաշխատողի վրա:
Վերջին տարիներին Հայաստանում հաճախացել են բժշկական ոլորտի աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքերը։ Ըստ Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների՝ 2023-2025 թթ. ընթացքում արձանագրվել է 27 նմանատիպ դեպք:
Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում արդեն գրանցվել էր 4 դեպք՝ Շիրակի մարզի Ազատան գյուղում, Վայոց ձորում և Երևանում։ Երեք դեպքում բռնության թիրախում եղել են շտապօգնության բուժաշխատողները, մեկում՝ հիվանդանոցի անձնակազմը։ Այժմ արձանագրվեց նաև բժշկական ոլորտի աշխատակիցների նկատմամբ բռնության այս տարվա 5-րդ դեպքը: Իրականում բռնության փորձերը բուժաշխատողների նկատմամբ ավելի շատ են: Հիմնականում այն ոստիկանություն չի հասնում, տեղում «հաշտեցման» գործընթաց են նախաձեռնում:
Ավելի խոցելի են շտապօգնության, վերակենդանացման բաժանմունքի, ընդունարանի, EMERGENCY, հոգեբուժական, նարկոլոգիական ծառայությունների բուժանձնակազմերը:
2025 թվականի սկզբից Առողջապահության ոլորտի կառավարիչները, Ազգային Ժողովի պատգամավորները պաթոսով խոսում ենբուժաշխատողի նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին և հայտնում, որ նախաձեռնել են իրավական կարգավորումներ, այլ գործիքակազմի ներդրում, և այլն: Մոռացել են, որ հենց իրենք էլ հանել են գործող հոդվածը ՔՕ-ից։
Հիշեցում
2018 թվականի հունվարի 17-ին «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-89-Ն օրենքով ամարագրվել է․
Հոդված 130.1. «Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը պատժելու» վերաբերյալ հոդվածը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ: Դրանից հետո 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ Քրեական օրենսգրքից հանվել է բուժաշխատողների նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի հետ կապված այդ հոդվածը: Հավանաբար, բժիշկների համար շատ են համարել ՔՕ-ում առանձնացված պաշտպանող հոդված ունենալը: Բայց, օրինակ՝ ՀՀ Քրեական օրենսգրքում ամրագրել են դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու պատժի մասին հոդված: Եթե իմ հիշողությունը չի դավաճանում՝ 2021թ. այս նույն վարչախումբն էր կառավարում և դերակատարների փոփոխություն մինչև 2025թ. չի եղել:
Հիմա, կառավարությունը, Ազգային ժողովը միաձայն՝ նախընտրական շղարշի ներքո, ՔՕ-ից հանված 130.1 հոդվածը մի քիչ այս ու այն կողմ արած կամրագրեն օրենքում:
ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ առողջապահության նախարարություն չեք ցանկանո՞ւմ ասել՝ սխալվել ենք, չենք էլ հասկացել 130.1 հոդվածի կարևորությունը:
Նիկոլ Փաշինյան, միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն: Առաջարկ՝ շտապօգնության ծառայությունն ամբողջովին վերափոխեք, ՀՀ-ում ստեղծեք պարամեդիկների ինստիտուտը և թող կանչերը սպասարկվեն ճգնաժամային կենտրոնի կողմից՝ համակցված բրիգադներով:
Հ.Գ. Սիրելի՛ բուժաշխատողներ, զգուշացե՛ք, հասարակությունը սևերի/սպիտակների, նախկինների/ ներկաների բաժանելը տալիս է իր «պտուղները»»: