Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Ավան Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները:
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: