«Վաղը՝ 18։30-ին, եկեք հույս տանք իրար, որ մեր մեջ չի մեռել քաղաքացին ու մեզ չեն սպանելու խաչմերուկներում». վաղը լրանում է Փաշինյանի շարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու 3 տար


«Վաղը՝ 18։30-ին, եկեք հույս տանք իրար, որ մեր մեջ չի մեռել քաղաքացին ու մեզ չեն սպանելու խաչմերուկներում». վաղը լրանում է Փաշինյանի շարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու 3 տար
Ապրիլ 25 10:32 2025

Ապրիլի 26-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ու նրա դեռ չծնված երեխայի մահվան երրորդ տարելիցը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը հայտարարել է՝ հաշտ չի լինելու այս դեպքի հետ, նա բոլորին կոչ է անում շաբաթ օրը՝ 18։30-ին, լինել Պարոնյան փողոցում։

«Այս երեք տարիների ընթացքում դատական նիստերը գումարվում են խիստ իմիջիայլոց , երկու կյանքի ընդհատման պատճառ դարձած ու դեպքի վայրը լքած Շումախերը իրական ու պատմական Հայաստանի միակ մեղադրյալն է, ով արագության ենթադրյալ գերազանցմամբ մարդու է կյանքից զրկել (նույնիսկ երկու մարդու), լքել է դեպքի վայրը, բայց չի կալանավորվել։

Նա ոչ միայն ազատության մեջ է, այլև պաշտոնավարում է, այս ընթացքում կորել են մի շարք ապացույցներ, ռադիոկապի ձայնագրություններ և ամեն ինչ գնում է այն ուղղությամբ, որ դատարանը, մեղադրյալը ու պետապարատը միասին կապահովեն, որ լրանան վաղեմության ժամկետները ու մեր Շումախերը ոչ մի օր բանտ չի նստի երկու մարդու մահվան համար։

Եվ որպեսզի ձեր համար պարզ լինի, թե այս ամենով հանդերձ ինչ բարոյականության տեր մարդկանց հետ գործ ունենք` մեջբերեմ պաշտպանական կողմի դատական տեքստերից մի հատված, որ հնչել է Սոնա Մնացականյանի իրավահաջորդների ներկայությամբ...

«… պարզել ենք նաև, որ հուշաքարից բացի գերեզմանոցում տեղադրված է հուշարձան, որի տեղադրման և կառուցապատման աշխատանքները չեն կարող դիտվել որպես հուշաքարի, կամ տապանաքարի տեղադրման համար նախատեսված անհրաժեշտ և ողջամիտ ծախսեր։ Դրանք լրացուցիչ ծախսեր են, որոնք քր. դատ. օր.–ի 150–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետի 19–րդ հոդվածի տեսանկյունից ողջամիտ և անհրաժեշտ դիտվել չեն կարող։ Օրինակ, եթե նշված հուշարձանը նաև ոսկեջրվեր, բնականաբար, նա ավելի թանկ կարժենար…»։

Ասել կուզի՝ «ձեզ մի քիչ համեստ պահեք, մեր հաշվին ձեզ շքեղություններ թույլ մի տվեք»... ու սա ասում ա մի մարդ, ով դատվում ա ժողովրդի փողով, ժողովրդի ավտոյով, ժողովրդի ծառային ինչ-որ երրորդական կարևորության միջոցառման տանելիս մարդ սպանելու համար ու ակնարկում, որ «առիթից մի օգտվեք, որ ձեր էրեխուն սպանել ենք»։

Արդեն տարիներ շարունակ Նիկոլի շաՌասյունը քշում ա նույն ոճով, պարբերաբար հայտնվում վթարների ու պատահարների մեջ, պատճառ ա դարձել երկու զոհի, մեկ ծանր վիրավորի, մի քանի նյութական վնասով դեպքերի ու լիքը սթրեսի։ Այս դեպքերից որևէ մեկի համար ոչ մեկ որևէ տեսակի պատասխանատվություն չի կրել ու մեզնից ոչ մեկի կնոջ, երեխայի կամ սիրելիների համար այս քաղաքը անվտանգ չէ, որովհետև այս քաղաքում շրջում է մի շաՌասյուն, որին ամեն ինչ կարելի է։

Ես չեմ պատրաստվում հաշտ լինել սրա հետ, ես էս տեսակ երկիր չեմ պատկերացրել դեմոկրատական պայքարի իմ տասը տարվա ճանապարհին։ Ու ես վստահ եմ, որ շատ-շատերի համար ևս չկա սա հանդուրժելու որևէ հիմնավորում։

Ու որպես դեմոկրատական առողջ իմունիտետի, բողոքի ու մարդկային կարեկցանքի դրսևորում՝ ես ու մի շարք այլ քաղաքացիներ` տարբեր ճամբարներից, տարբեր հայացքների, տարբեր կյանքի ճամփաների մի խումբ մարդիկ շաբաթ օրը` ամսի 26-ին՝ ժամը 18:30-ին, լինելու ենք Սոնա Մնացականյանի վրաերթի վայրում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, խոնարհելու ենք յասամաններ, մոմ ենք վառելու ու ոգեկոչենք անմեղ այդ կնոջ, պարկեշտ քաղաքացու ու լավ մարդու հիշատակը, որի կյանքը ընդհատվեց, որ ինչ-որ մեկը իր հզորության չարդարացված կարիքը բավարարի։

Ես սպասելու եմ բոլոր նրանց, ում խոսքերին, դավանած արժեքներին ու ապրած կյանքին հավատում ու համակրում եմ։ Եկեք գրկենք ու կարեկցենք իրար և հույս տանք իրար, որ մեր մեջ չի մեռել քաղաքացին ու մեզ չեն սպանելու խաչմերուկներում` կանաչ լույսի տակ փողոցը անցնելիս, իբր երբեք էլ չէինք եղել։

Շաբաթ 6:30՝ Պարոնյան-Լեո»,- գրել է Նահապետյանը։