«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի կողմից կատարված գնումները իրենց բարձրարժեքությամբ մշտապես առանձնանում են: Գրեթե ամեն ինչ ԱԺ-ն մեկ անձից կատարված գնումների, կամ նույնիսկ մրցութային կարգով կնքված պայմանագրերով մի քանի անգամ շուկայականից թանկ արժեքով է կազմակերպում:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հունվարի 22-25-ը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների ընդունելության կազմակերպման փաստաթղթերը։ Ընդհանուր հաշվով՝ 3 օրվա համար ԱԺ-ն ծախսել է մոտ 223 հազար ԱՄՆ դոլար: ԱԺ-ն 87 մլն 798 հազար դրամ է տվել «Չեփթր» ՍՊԸ-ին։
Իսկ ինչ ծառայություն է մատուցել «Չեփթր» ՍՊԸ-ն:
Սկսենք դրոշներից
Պայմանագրում կարդում ենք, որ պատվիրակության այցով պայմանավորված՝ Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելու համար ԱԺ-ն այդ ընկերությանը վճարել է 2 մլն 95 հազար դրամ (ամեն դրոշի համար՝ 261 հազար ՀՀ դրամ): Մինչդեռ List.am կայքում տեսնում ենք, որ ամենաթանկարժեք դրոշները՝ պատվանդանով, վաճառվում են 30.000 դրամով: Ինչո՞ւ է ԱԺ-ն մոտ 4 անգամ ավելի գումար տվել մեկ դրոշի համար:
Իսկ հյուրընկալ օջախի՝ Դվին հյուրանոցի առջևի մասում ևս 8 դրոշ տեղադրելու համար 1 մլն 888 հազար դրամ է ծախսվել (մեկ դրոշի արժեքը՝ 236 հազար դրամ)։ Դարձյալ կարելի էր սա կազմակերպել 20-30 հազար դրամով:
Բացի դրանից, հենց հյուրանոցի վրա են նաև դրոշներ տեղադրել, որի համար ծախսվել է 594 հազար դրամ: Կրկին տեսնում ենք՝ նույն օնլայն հարթակում դրոշների արժեքները մի քանի անգամ էժան են:
«Պարզապես դրոշների տեղադրում» կետով` 1 մլն 497 հազար դրամ է ծախսվել, որը, ենթադրաբար, արդեն միջոցառման սրահում տեղադրված դրոշների համար է։ Բայց կրկին շատ բարձր արժեք է վճարվել․ List.am կայքում դրոշի գինը 1500 դրամ էր։
Ամբիոնները՝ սպիտակ բրենդավորված, արժեցել են 1 մլն 296 հազար դրամ, ընդհանուր քանակով եղել են 8 հատ:
Բեմը 504 հազար դրամ է արժեցել, բեմի հատակի սև լինոլիումը՝ 722 հազար դրամ, բեմի ճակատի բաները՝ (պաստառ) 480 հազար դրամ:
12 խոսափողը արժեցել է 36 հազար դրամ, կաշվե աթոռների և բրենդավորված տումբաների ապահովումը (9 հատ)՝ 691 հազար դրամ։
Լրատվամիջոցների համար 6 հարթակի տրամադրումը 432 հազար դրամ է արժեցել, կահույքների և այլ պարագաների բրենդավորումը՝ 864 հազար դրամ։
«Դվին Մյուզիք հոլում» 4 լեդ էկրանի ապահովումն արժեցել է 24 մլն 144 հազար դրամ:
Սեղանների ծաղկային ձևավորումը՝ 780 հազար դրամ:
Սուրճի, թեյի, աղանդերի մատուցումը 150 անձի համար արժեցել է 2 մլն 880 հազար դրամ:
Համաժողովի հեռարձակումը և տեսաձայնագրությունը արժեցել է 2 մլն 820 հազար դրամ: Ինչո՞ւ և ո՞ւմ է վճարվել՝ պարզ չէ, բայց հիշեցնենք, որ ԱԺ-ում կա մի ողջ լրատվական վարչություն, որտեղ մարդիկ աշխատավարձ են ստանում՝ ԱԺ աշխատանքները լուսաբանելու համար, ունեն տեխնիկական բոլոր միջոցները: Բայց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը որոշել է փաստացի մսխել պետբյուջեի գումարները և այլ մարդկանց շռայլորեն վճարել լուսաբանման համար:
WI-FI ծառայության համար ԱԺ-ն 1 մլն 620 հազար դրամ է վճարել այն դեպքում, երբ «Դվին» հյուրանոցում կա WI-FI:
Բավականին թանկարժեք է եղել նաև ընթրիքը, որի ճաշացանկի ապահովումը 216 հազար դրամ է կազմել, ընթրիքի շոու ծրագրի ապահովումը՝ 6 մլն դրամ, իսկ միայն ընթրիքն արժեցել է 7 մլն 200 հազար դրամ։
Պատվիրակության այցով պայմանավորված՝ Ազգային ժողովը «Դվին» հյուրանոցային համալիրի համար ոչ միայն լինոլիում է գնել, այլ նաև 22 մետր երկարությամբ վարագույր՝ 600 հազար դրամ արժողությամբ։
«Դվին մյուզիք հոլի» 2 օրվա վարձակալությունը, ըստ պայմանագրի, արժեցել է 24 մլն դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ «Չեփթր» ՍՊԸ-ն նորաբաց ընկերություն է, որը պետական գրանցում ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ընկերության իրական շահառուն, ըստ ԱՆ պետռեգիստրի, Սիրվարդ Պետրոսյանն է։ Հարց է առաջանում՝ ինչպես է նույնիսկ մեկ տարվա աշխատանքային փորձ չունեցող ընկերությունը մի քանի ամսվա մեջ Ազգային ժողովի հետ կնքում 4 պայմանագիր, գրեթե 120 մլն դրամ արժողությամբ։
Տեղեկացնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Սիրվարդ Պետրոսյանը «Դվին» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է, գուցե սրանով է պայմանավորված այն, որ կոռուպցիոն կամ այլ փոխկապակցվածությունը հնարավորինս քողարկելու համար «Դվին» համալիրի անունը շատ չի հիշատակվում փաստաթղթերում: Իսկ իրականում 3 օրվա համար 24 մլն դրամ է տրվել իշխանությունների սրտի գործարար դարձած «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանին պատկանող ընկերությանը, որը փաստացի, բացի «պատեր տրամադրելուց»՝ ոչ մի ծառայություն չի մատուցել: Ամեն ինչի համար ԱԺ-ն վճարել է առանձին-առանձին՝ ընդհուպ մինչև WI-FI: Եվ ստացվում է, որ ԱԺ-ն ապահովել է նաև թանկարժեք հյուրանոցի կարիքները հոգալու հարցը՝ գնելով նոր վարագույրներ, լինոլիում, ծաղիկներ և այլն։
Եվ սա դեռ չհաշված այն փաստը, որ տողեր կային՝ կրկնվում էին․դրանց մասին՝ հաջորդիվ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: