«Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրավված են տարբեր, նաև անվանի մտավորականներ, ընտանիքի անդամներ, այդ թվում Իսահակյանի թոռը»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ հաձնաժողովում քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ է բարձրացվել, որ, գուցե հաշվի առնելով, որ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ Իսահակյանի արձանն է տեղադրված, նաև հոբելյանական տարի է, քաղաքապետարանը քննարկի կայարանի անունը փոխելու և Իսահակյան անվանելու հարցը։
«Հանձնաժողովում այդ առաջարկը բարձրացվել է, ըստ սահմանված ընթացակարգի առաջարկը ներկայացվել է քաղաքապետարանին։ Կարծում եմ՝ դա ավագանու որոշման տիրույթում է։
Իհարկե, տարածքն ունի պատմություն, անվանումն էլ կապ ունի պատմության հետ։ Կարծում եմ՝ հարցն ավելի ամբողջական կդիտարկեն։ Բայց առաջարկ է հնչել, բնականաբար, պետք է ներկայացվի համապատասխան քննարկման»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Նա նաև ասաց, որ իրենք քաղաքապետարանին առաջարկել են Ա.Իսահակյանի արձանն ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, որովհետև շուրջը տարբեր գործունեություն է զարգացել, արձանը կարծես ստվերվել է։