«Ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը մանրամասն ուսումնասիրում է նաև հնարավոր ազդեցությունները»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցներում աշակերտների մասնակցությամբ «Կարմիր դուռ, դեղին դուռ» (Red door, Yellow door) խաղի տարածմանը։
Նա նշեց, որ իրենք մոնիտորինգ են իրականացնում, բնականաբար, դպրոցները զգուշացված են ուշադիր լինել, երեխաների շրջանում նման խաղերի տարածումը տեսնելուն պես համապատասխան քայլեր ձեռնարկել թե դասղեկների, թե հոգեբանի, թե տարբեր աշխատակազմերի ներգրավմամբ ու տեղում արագ արձագանքել։
«Բայց մենք նաև մասնագիտական աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքում ավելի մեթոդական աջակցություն կցուցաբերենք»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Նա նշեց, որ իրենք ստանում են անհանգստութուններ խաղի տարածման հետ կապված, բայց որևէ վնասման դեպքի մասին ահազանգ չունեն. «Բայց չի նշանակում, որ կանխարգելման քաղաքականությունը չպետք է շարունակել»։
Ավելի վաղ հոգեբան Արմինե Հակոբյանը խաղի մասին գրել էր. «Խաղացողները հայտնվում են գիտակցության փոփոխված վիճակում: Կարծես անվնաս խաղ լինի։ Բայց իրականում ինքնահիպնոսի տեխնիկա է կիրառվում՝ առանց հասկանալու, թե ինչ է կատարվում իրենց հետ»։