Ոստիկանությունը տուգանում է քաղաքացիներին մեքենաների մգեցված ապակիների համար, թիվը անցնում է 50 հզ․ը


Ոստիկանությունը տուգանում է քաղաքացիներին մեքենաների մգեցված ապակիների համար, թիվը անցնում է 50 հզ․ը
Ապրիլ 21 22:01 2025
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «2023թ․ հունիսի 1-ից Ճանապարհային Ոստիկանությունը սկսել է տուգանել քաղաքացիներին ավտոմեքենաների մգեցված ապակիների համար։ Տուգանված քաղաքացիների թիվը անցնում է 50.000-ը։

 

Բազմիցս խոսել եմ այս մասին, որ տուգանքները հակասում են ՀՀ օրենսդրությանը, քանի որ ապակիների մգեցվածության չափը սահմանված չէ կառավարության որոշմամբ և հղում է արվում Մաքսային Միության կանոնակարգին։

 
Իմ նկատմամբ երկու անգամ կազմված տուգանքների արձանագրությունները վիճարկել եմ դատարանում, երկու դեպքում էլ դատարանը արձանագրել է ՃՈ անհիմն որոշումները՝ տուգանելու մասով՝ արձանագրելով, որ Մաքսային Միության կանոնակարգը չի կարող տուգանելու համար հիմք հանդիսանալ։
Ակնհայտ է, որ հազարավոր քաղաքացիներ ողջամտորեն չեն ունեցել որևէ կասկած Ոստիկանության կողմից կազմած արձանագրությունների իրավաչափության վերաբերյալ և դրանք չեն բողոքարկել դատական կարգով և իրականացրել են տուգանքի վճարումներ։

 

Արդյունքում, ավելի քան 50.000 քաղաքացուց գանձվել են տուգանքներ (25.000-ական դրամ), որոնք հակասել են ՀՀ օրենսդրությանը, ինչը Սահմանադրության և մի շարք օրենքների կոպիտ խախտում է։

 

Դիմել եմ ՆԳ նախարարին՝ առաջարկելով հանդես գալ կառավարության համապատասխան որոշման նախաձեռնությամբ և սահմանել քաղաքացիներին անհիմն գանձված գումարները վերադարձնելու գործընթաց։
Կառավարության կողմից 50.000-ից ավելի քաղաքացիներից անհիմն գանձած գումարները չվերադարձնելը արձանագրելու է, որ իշխանությունները կատարում են հանցագործություն»։