Փաշինյանը և Գրիգորյանը պատվիրակությունների հետ ուղևորվում են Կիրանց՝ մատնանշելոu մեր ամոթը. Մարուքյան


Փաշինյանը և Գրիգորյանը պատվիրակությունների հետ ուղևորվում են Կիրանց՝ մատնանշելոu մեր ամոթը. Մարուքյան
Ապրիլ 19 20:38 2025

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգբամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Կիրանց կատարած այցին, գրում է.

«Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Էլչին Ամիրբեկովի ուղեկցությամբ Ստեփանակերտ են այցելել Ադրբեջանում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ։

Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մի խումբ մասնակիցների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ տեղում դիտարկելու սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներն ու ենթակառուցվածքների վիճակը։

Եթե ալիևյան ռեժիմի ներկայացուցիչները հավատարմագրված պետությունների պատվիրակներին և դեսպաններին տանում են Արցախ՝ իրենց «նվաճումները» ցուցադրելու համար, ապա վարչապետ Փաշինյանը և ԱԽ քարտուղար Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ տարբեր պատվիրակությունների հետ ուղևորվում են Կիրանց՝ մատնանշելու համար մեր միակողմանի զիջումներն ու նվաստացումը։ Մեր ամոթը։

Ցույց տալու, թե ինչպես ենք այսպես կոչված «չորս գյուղ» զիջել Ադրբեջանին՝ այն ակնկալիքով, որ նրանք պետք է դուրս գային ՀՀ ինքնիշխան տարածքից, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։

Եվ ՀՀ իշխանությունները հպարտանում են այս խայտառակ իրողությամբ։

Ի վերջո, որքա՞ն կարելի է յուրաքանչյուր կորուստ մատուցել որպես հաջողություն․

Արցախի կործանումը՝ որպես անկախության ձեռքբերում, իսկ մեր պետականության հիմքերը փլուզող զիջումները՝ որպես ինքնիշխանության և պետականության հարատևման միջոց ներկայացնել»։