Անդրանիկ Քոչարյանի դեմ նոր թեմա է բացվել․ «Հրապարակ»


Անդրանիկ Քոչարյանի դեմ նոր թեմա է բացվել․ «Հրապարակ»
Ապրիլ 19 10:14 2025

«Հրապարակ» թերթը գրել է․  

Անդրանիկ Քոչարյանի դեմ նոր ալիք է ՔՊ-ում բարձրացել․ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը բողոք է գրել խմբակցության ղեկավար կազմին, ԱԺ նախագահին, վարչապետին էլ է նամակ գրելու՝ տեղեկացնելով, որ Քոչարյանը հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը, որը, ինչպես երեկ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, ԱԺ է ներկայացնելու սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի օրը` 5 տարի անց։ Պողոսյանը կարծում է, որ դրանով խախտվում է «Պատգամավորի գործունեության մասին» օրենքը, համաձայն որի՝ ինքը կարող է ծանոթանալ այդ փաստաթղթին։ 

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի եւ պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովի ղեկավարն է, նույն հանձնաժողովի, հետեւաբար՝ քննիչ հանձնաժողովի անդամ է նաեւ Քրիստինե Պողոսյանը, որի հարաբերությունները Քոչարյանի հետ լարված են։ Մենք քանիցս գրել ենք, որ Ա. Քոչարյանի դեմ են տրամադրված իշխող թիմի հատկապես կանայք, պատճառը Քոչարյանի կոշտ, երբեմն անտակտ խոսքն է, կանանց կարծիքով՝ նա բամբասում է գործընկերների ետեւից։ Ամիսներ առաջ էլ Հրաչ Հակոբյանն ու Սիսակ Գաբրիելյանն էին նրա դեմ բողոք գրել վարչությանը` իրենց «նարկոբարոն» ասելու համար։ Քրիստինե Պողոսյանին էր նախատել, որ պատգամավորին ոչ հարիր հագուստով` վարտիքով է ԱԺ գալիս: Եվ ՔՊ-ում մի խումբ ուզում է, որ Քոչարյանին իր տեղը ցույց տան, ձեւավորվի էթիկայի հանձնաժողով, եւ նա գոնե հրապարակային ներողություն խնդրի։ Բայց մինչ ՔՊ-ում սպասում էին, որ խմբակցության նիստին այդ հարցը կորոշվի, անակնկալ կերպով հայտնել են, որ Քոչարյանի հարցը հետաձգվում է, նախ՝ Պետաիրավական հանձնաժողովը պետք է որոշի՝ կա՞ն հիմքեր լրագրողի հետ միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու համար, հետո նոր քաղաքական որոշում կայացվի։

ՔՊ-ում կարծում են, որ Քոչարյանն իր հարցերը լուծել է, ուստի 2-րդ ճակատն է բացվել նրա դեմ։ Հիմա էլ Պողոսյանը խնդրել է քննիչ հանձնաժողովի չհրապարակված զեկույցը տրամադրել իրեն, սակայն Քոչարյանը մերժել է՝ ասելով, որ նախ պետք է կարծիք գրել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նոր պահանջել զեկույցը, Պողոսյանն էլ ասել է, որ մինչեւ զեկույցին չծանոթանա, չի կարող կարծիք գրել։ Բայց ՔՊ խմբակցության ղեկավար կազմն էլ Պողոսյանին չի հուսադրել, թե քայլեր կձեռնարկեն՝ հասկացնելով, որ Անդրանիկ Քոչարյանը քարտ-բլանշ ունի։ Եթե խմբակցությունը քայլեր չձեռնարկի, Պողոսյանը դիմում կուղարկի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած վարչությանը։

Պողոսյանին ներկայացրինք, թե ինչ են պատմել իր գործընկերները իր եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունների մասին՝ պարզաբանումներ խնդրելով, սակայն ասաց, թե «չի մեկնաբանում» այդ լուրերը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։