«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հարբեցողության պատճառով նախկինում վարորդական վկայականից զրկված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ՔՊ-ականներից առաջիններից է, որ ներկայացրել է 2025 թվականի հայտարարագիրը։
Այսպիսով, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ հողամաս, որը 2016 թվականին նվիրատվություն է ստացել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում։
Նույն հողամասը Ղահրամանյանի՝ 2022 թվականի հայտարարագրում նշված է, թե ձեռք է բերված 2014 թվականին, իսկ 2023 թվականի հայտարարագրում այն դարձել է նվիրատվություն՝ ստացած 2016 թվականին։
Այս պատգամավորը անտուն ՔՊ-ականներից է, ով 2018 թվականի հեղափոխությունից 1-2 տարի անց դարձել է տան տեր։
Նա 2018 թվականից հետո ձեռք է բերել նոր բնակարան Երևանում։ Բացի տան տեր դառնալուց, Ղահրամանյանը 2020 թվականին ձեռք է բերել նաև Audi մակնիշի ավտոմեքենա 2008 թվականի արտադրության։
2025 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 245 հազար 884 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե 400 հազար դրամով։
Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն 200 հազար դրամ և 4,5 հազար դոլար։ Կանխիկ դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ ավելացել են գրեթե 2 մլն դրամով։
Պատգամավորի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 148 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։
Հաշվետու տարվա եկամուտը նախորդ տարվա համեմատ նվազել է, գրեթե 30 մլն դրամով։
Նախորդ տարի պատգամավորը ստացել է եկամտահարկի վերադարձ, սակայն 2024 թվականին այն այլևս չկա։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 31 մլն 462 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Հիշեցնենք, որ 2023 թվականին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը զրկվել էր վարորդական իրավունքի վկայականից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Մամուլը գրել էր, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Ռուստամ Բաքոյանին, ու ընկել է պարեկների թակարդը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19․ 04․ 25 թ համարում։