Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը օգտակար է համարել Անթալիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած հանդիպումը՝ նշելով, որ Ադրբեջանը միշտ կողմ է երկխոսությանը և հարցերի քննարկմանը։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում հայ գործընկերոջս հետ, որը համարում եմ բավականին օգտակար: Թեև հանդիպումը հնարավորություն չի տվել լուծել առկա հարցերը, այն թույլ է տվել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները: Հետևաբար, ես գտնում եմ, որ հանդիպումն օգտակար էր»,- ասել է Բայրամովը։
Նշենք, որ Արարատ Միրզոյանն էլ երեկ իր հերթին անդրադաձել էր Բայրամովի հետ հանդիպմանը՝ նշելով, որ Անթալիայում փորձել են մի փոքր առաջ գնալ։ «Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, չափազանցություն կլինի, բայց կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել»,-ասել էր նա։