ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալն օգտվելով անչափահաս երեխաների ծնողի ֆինանսական ծանր վիճակում գտնվելու հանգամանքից, վերջինիս առաջարկել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, պոռնկության և սեքսուալ շահագործման այլ ձևերի ենթարկելու, վերջիններիս ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ընթացքը տեսաձայնագրելու և իրեն ուղարկելու դիմաց կատարել նյութական ծառայություններ, որին ծնողը, ըստ էության, տվել է իր համաձայնությունը:
Այնուհետև, դատապարտյալը կեղծ օգտատիրոջ սոցիալական ցանցի էջով շփումներ է հաստատել անչափահաս երեխաների ծնողի հետ՝ պահանջելով երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, ենթարկել սեքսուալ շահագործման, ինչին վերջինս համաձայնել է՝ նյութական օգուտ ստանալու պայմանով:
Բացի այդ, դատապարտյալը նույն եղանակով սեքսուալ շահագործման է ենթարկել մեկ այլ անչափահասի և այդ տեսաձայնագրությունները պահպանել իրեն պատկանող բջջային հեռախոսում:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 46-198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դրդելը) (3 դրվագ), 46-198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կազմակերպելը) (3 դրվագ) և 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը), մեկ անձի նկատմամբ՝ 198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը), մեկ անձի նկատմամբ՝ 189-րդ հոդվածի 3-րդ 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը) և մեկ անձի նկատմամբ՝ 402-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը):
Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: