Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
«Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը տղամարդկանց մրցաշարում պայքարի մեջ մտան 61 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Գառնիկ Չոլակյանը 61 կգ (անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան) քաշի պոկում վարժությունում բարձրացրեց միայն 124 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահեց 151 կգ: Այս ձևում Չոլակյանը 4-րդն է:
Երկամարտի 275 կգ արդյունքով` Չոլակյանը առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում` դառնալով բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը»,-հայտնում են ֆեդերացիայից: