Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ և չեմ կարող բիզնեսով զբաղվել, մամուլը պետք է գոնե ճշտված գոնե ճշտված տեղեկատվություն հրապարակի։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատագամվոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե նա ոսկերչական խանութ է բացել:
Դիտարկմանը՝ մեկնաբանություններում ձեզ էին շնորհավորում, որ ոսկու խանութ եք բացում, Պալյանն ասաց. «Իմ հայրը Գյումրիում 30 և ավելի տարիներ զբաղվում է ոսկերչությամբ և քաղաքի լավագույն ոսկերիչներից է։ Իմ հայրն է բացել, բնականաբար, ինձ էլ կարող են շնորհավորել որպես իմ հայրիկի դուստր»:
Նա նշեց, որ դեռ ծնված չի եղել, որ հայրը ոսկերիչ է եղել հայտնի. «Գյումրիում բացվել է նոր ոսկերչական խանութ, որով զբաղվում է իմ հայրը, ես բացարձակապես կապ չունեմ տվյալ խանութի հետ, կապ ունեմ այնքանով, որքանով իմ հայրիկի աղջիկն եմ»,- ասաց նա։
Հարցին էլ՝ ինչու նախկինում այդ խանութը չէր բացում, եթե, 30 տարուց ավելի հայտնի ոսկերիչ էր հայրը, սա կասկածներ առաջացնելու առիթ չէ՞, նա ասաց. «Ի՞նչ կասկած, ես ներկայացնում եմ հայտարարագիր, որը հասանելի է բոլորին: Ես չգիտեմ՝ ինչ կասկած կարելի է լինել էլի, ամբողջը բաց ու թափանցիկ է: Հիմա է պահը հասունացել՝ տարիների աշխատանքի արդյունքում, հիմա է բացել: Ասենք, եթե իմ հայրն է իրավունք չունի՞ որևէ բանով զբաղվելու»:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին՝ թե ամուսինն էլ ավտոլվացման կետ է բացել, Պալյանն ասաց, որ ամուսինը նախ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ դեռ շատ վաղուց, մինչև իր պատգամավոր լինելը, և այդ ավտոլվացման կետը նոր չի բացվել:
«Ավտոլվացման կետը բաց էր վաղուց: Այդ տարածքը չի գնել այն էլ նոր: Դա մեր սեփականությունը չէ, տարածք է վարձակալած ամուսնուս կողմից, որտեղ ինքը զբաղվում է դրանով: Ասեմ, որ շատ ոչ եկամտաբեր բիզնես է, և ես ամբողջ օրը խնդրում եմ, հորդորում եմ, որ այլևս չզբաղվի այդ գործունեությամբ, որովհետև դա միայն վնասում է և իրեն, և մեզ, բացարձակ եկամուտ չկա այդ բիզնեսից»,- ասաց նա: