Անհետ կորած զինծառայողների ծնողները լուռ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:
Ծնողների լուռ ակցիան նրա համար է, որ հայ մայրը, արցունքն աչքերին, ցավն ու տառապանքը սրտում, սպասում է իր որդու վերադարձին, որ իրենց համար չկան տոներ։
«Մեր երեխեքի ճակատագրերը խեղաթյուրել են, հանուն հայ ազգի գնացել, կռվել են, ու այսօր ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու համար։ Ո՞նց ապրի այս մայրը, ո՞նց հանգիստ մնա իր տան մեջ, երբ չգիտի՝ իր որդին ինչ վիճակում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։
Ծնողը պատմեց, որ տեսանյութով տեսել է, թե ինչպես են իր որդուն գերեվարում։
«5-րդ տարին է՝ չենք լսում մեր երեխեքի ձայնը, կարոտը խեղդում է, սպանում է, շատ դաժան է»,- ասաց նա։
Անհետ կորած զինծառայողի մայրիկն ասաց, որ ոչ մեկի շնորհավորանքն իրեն պետք չէ։
«Բոլորը ծաղիկներ են ուղարկում, նվիրում, բայց, հասկացեք, մեզ ոչ մեկի նվիրած ծաղիկը պետք չէ, մենք մեր ծաղիկներին ենք ուզում, մենք մեր տղաներին ենք ուզում, մեր ծաղիկները մեր տղաներն են, ես իմ ծաղիկն եմ ուզում, ես իմ տղային եմ ուզում, մեզ ուրիշի ծաղիկը պետք չէ։ Գոնե հեռվից մի հատ ձայնը լսեմ»,- ասաց նա։