Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ճանապարհին, զոհ ու վիրավորներ կան


Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ճանապարհին, զոհ ու վիրավորներ կան
Մարտ 31 21:18 2025

Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Զառիթափի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «KIA» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնություն են հասել քաղաքացինեը և ըստ դեպքի վայրում հավաքվածքների՝ օպերատիվ են գործել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ բժիշկներն էլ նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Սևոյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են կրտսեր պարեկներ Վիգեն Տոնոյանը և Կարեն Պողոսյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։