«Եթե իմ տունը չէ, ապա ու՞մն է …»․ Անուշիկ Առաքելյան


«Եթե իմ տունը չէ, ապա ու՞մն է …»․ Անուշիկ Առաքելյան
Մարտ 27 17:57 2025

«Ես իմ անուշ Հայաստանի» նախագծի հեղինակ Անուշիկ Առաքելյանը գրել է․

«Եթե իմ տունը չէ, ապա ու՞մն է…

Այսքան տարիների ընթացքում չեմ ունեցել  քաղաքական պատկանելիություն, բայց միշտ ունեցել եմ հստակ տեսակետներ  մեր երկրում կատարվող իրադարձությունների մասին՝   արտաքին մարտահրավերներից մինչև ներքին խայտառակ իրավիճակը: 

Ուզում եմ խոսել վերջերս տեղի ունեցած ծառահատման թոհուբոհից: Հայաստանում վերջին մի քանի տարում ապրող Ռուսաստանի Դաշնության շատ քաղաքացիներ արձագանքել էին այդ երևույթին, ինչպես նաև շատ հայ մասնագետներ ահազանգել էին ծառահատման հետ կապված, ինչին Երևանի ավագանու մի  անդամ  հնչեցրել  էր նման արտահայտություն․ «եթե իրենց մասնագետները չեխական ռուսաֆիկացված քրիստինեվարդանյաններն են, ես ասելիք չունեմ»:  Սկսեմ նրանից, որ այդ մարդիկ, գալով Երևան ավելի մեծ քաղաքից,  զգալով անուշ Հայաստանի էներգիան, գնահատելով մեր երկիրը, ինչպես որ մենք ենք գնում ուրիշ երկիր, հարգանքով ենք վերաբերվում այդ երկրի հանդեպ, մաքրում էին Երևանյան լիճը, շատ եկեղեցիների տարածքներ և այլն:  Հիմա, երբ ասում են՝ ռուսն ի՞նչ գործ ունի, որ մեր ծառերից է խոսում, հարգելի՛ քաղաքացիներ, երբ դուք գնում եք ինչ-որ տեղ վարձով ապրելու, ի՞նչ եք անում. ջարդում ու փշրո՞ւմ եք այդ տունը, աղտոտում ու մեջը նստո՞ւմ եք, քանի որ ձերը չէ, հենց ձերը կունենաք՝ կմաքրե՞ք, այդ հոգեբանությա՞մբ եք ապրում․․․ Եթե ես համարեմ, որ սա իմ տունը չէ, ապա ու՞մ տունն է…

Մարդը, հայտնի իրադարձություններից ելնելով, գուցե վերջին երեք տարին ապրում է մեր երկրում և որոշել է պատասխանատվություն կրել ու հոգ տանել ու մաքրել այն տարածքը, որտեղ ապրում է: Նույնը կարող եմ ասել մեր արցախցի հայրենակիցների մասին, ովքեր վարձով են ապրում․ ոչ մի բանի մասին չխոսե՞ն, քանի որ Արցախից են եկել, թող գնան այնտեղի ծառահատումի՞ց խոսեն: Այդ մարդիկ չեն խառնվում մեր ներքաղաքական անցուդարձին, պարզապես արտահայտում են իրենց տեսակետը բնության հանդեպ ու ասում են, որ հարկավոր չէ ծառերը կտրել, ինչն, ի դեպ, ավելի ակտիվ  պետք է իրականացնեն մեր քաղաքացիները, չմնան անտարբեր իրենց տան նկատմամբ, հատկապես հիմա, երբ երկրի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է օդի աղտոտվածության  չափազանց բարձր ցուցանիշները, ինչում առաջատար ենք աշխարհում (ցավոք), բայց այդ մասին  չեն բարձրաձայնում, ահազանգում, չեն դարձնում ամենօրյա քննարկման թեմա:

Ինձ շատ հետաքրքիր է. ինչու՞ ավագանու տվյալ անդամը չէր հոխորտում այն ժամանակ, երբ ադրբեջանցիները մեր երկրի հրապարակում երգում ու պարում էին, մեր մասին կեղտոտ վայրահաչոցներ հնչեցնում, մի բան էլ՝ այդ ամենով համացանցում կիսվող քաղաքացուն ձերբակալեցին: Այսինքն՝ դուք դեմ եք ռուսի՝ մեր երկիրը մաքրելուն ու ծառահատման դեմ խոսելուն, բայց կողմ եք Հանրապետության հրապարակում ադրբեջանցիների վայրահաչոցների՞ն, երգին ու պարի՞ն:

Չեք տեսնո՞ւմ, որ այս իրականությունն իրարամերժ է»: