«Mercedes ML 350»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է


«Mercedes ML 350»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Մարտ 21 20:04 2025

Այսօր՝ մարտի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Սուրեն Մելիք-Սարգսյանը իր վարած «Mercedes ML 350» մակնիշի  ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Կոշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Դանիելյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հարամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ադամ Մելիքյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ օգնություն են ցուցաբերել վիրավորին, մինչև կժամաներ շտապօգնությունը։

Նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Բաղդասարյանը տեսնելով, որ շտապօօգնությունը ուշանում է, ծառայողական ավտոմեքենայով մեկնել են դեպի Աշտարակ, որտեղից շտապօգնության ավտոմեքենային ուղեկցել են դեպքի վայր, իսկ շտապօգնությունը մոտ 40 րոպե ուշանում էր ու պատճառաբում էին, թե խցանում էր։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Հուսիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Մինչ պարեկներն ու ոստիկանները սահմանազատել էին տարածքը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Բաղրյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։