Ատեստավորում անցած զինծառայողները մինչև 470 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Սուրեն Պապիկյան


Ատեստավորում անցած զինծառայողները մինչև 470 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Սուրեն Պապիկյան
Մարտ 21 11:59 2025

ՀՀ ՊՆ-ում զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, 57 տոկոսը ստացել է դրական գնահատական, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ատեստավորման արդյունքներով՝ զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացել է 205 հազարից մինչև 470 հազար դրամ»,- նշեց նախարարը։

Պապիկյանի խոսքով՝ Զինված ուժերում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով կատարված բարեփոխումների արդյունքում որպես առանձին ստորաբաժանում կազմավորված կանանց գումարտակում այս պահին կա էական համալրվածություն՝ սպայական, ենթասպայական, պայմանագրային, շարքային ու ժամկետային զինծառայողներ։

Նախարարը նշեց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին կուրս ընդունվածների թիվն էապես աճել է։

«Մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով 2024-ի ծրագրում առաջնահերթությամբ ընդգրկվել է 172 զինծառայող, ևս 328-ն ընդգրկվել են վիճակահանության արդյունքներով։ 309 զինծառայողի հատկացվել է կանխավճար, որոնցից արդեն վարկային պայմանագրեր են կնքել 233-ը»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ պետբյուջեի միջոցների հաշվին ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից 68 զինծառայողի տրամադրվել է  բնակարանի գնման վկայագիր, 53 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան։