Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով արդարության հասնել հնարավոր չէ. գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և, ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով։
Որևէ ոստիկանի նկատմամբ փորձաքննություն չի նշանակվել՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրանց վրա առկա է Տիգրանին խոշտանգման ենթարկելու հետքեր (ձեռքերի վնասվածքներ և այլն): Որևէ ոստիկան չի հարցաքննվել:
Որևէ փաստաթուղթ կամ նյութ չի առգրավվել (տեսագրության կրիչներ, 7 ժամ ոստիկանությունում պահելու վերաբերյալ փաստաթղթեր):
Տիգրանի առողջությանը պատճառված վնասի աստիճանը չի պարզվել։ Նշանակվել և կատարվել է փորձաքննություն, սակայն տվյալները դեռ հայտնի չեն:
Դեպքին ականատես կամ դրա վերաբերյալ տեղեկություն ունեցող քաղաքացիները ևս չեն հարցաքննվել։ Հարցաքննվել է միայն Տիգրանը, այն էլ ոչ թե խոշտանգումների, այլ Լոռու մարզային վարչության քննիչի մոտ:
Տիգրանի հագուստը, որի վրա ակնհայտորեն առկա են բռնության հետքեր, չի առգրավվել և չի փորձաքննվել:
Քրեական վարույթը նախաձեռնվել է բավականին ուշացումով, իսկ պատշաճ նախաքննական մարմնին էլ փոխանցվել երեկ՝ կեսօրից հետո:
Եվ ամենակարևորը՝ մինչև հիմա չի պարզվել վերջինիս խոշտանգման ենթարկած ոստիկաններից որևէ մեկի ինքնությունը (երկուսի ինքնությունը պարզել ենք մենք, սակայն քննիչը դրա վերաբերյալ տվյալները մեզնից դեռ չի ընդունել)։
Վերոգրյալի համատեքստում շարունակում ենք լինել Տիգրանի կողքին նաև այսօր՝ սկսած ժամը 17։00-ից՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 46/5 հասցեում»,-գրել է նա: