Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում:
Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականներից, ինչպես նաեւ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հրամայականից:
Հարցն առաջին ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ ձերբակալված եւ կալանավորված անձինք ՁՊՎ կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս բոլոր դեպքերում ենթարկվում են բժշկական զննության, այլ ոչ թե միայն այն դեպքում, երբ նրանց մոտ հայտնաբերվել է մարմնական վնասվածք, ինչպես նախատեսված է գործող օրենքով:
Ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ձերբակալված անձանց պահման վայր բերվելուց հետո ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ կալանավորված անձինք՝ կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Որպես հավելյալ երաշխիք՝ նախատեսվում է նաեւ հնարավորություն, որով բժշկական զննությանը կկարողանա մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը:
Փոխնախարարի խոսքով՝ ներկայում Ներքին գործերի նախարարության ձերբակալվածների պահման վայրերում բժշկական զննությունն իրականացվում է շտապ բժշկական օգնության բժիշկների միջոցով, ինչը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դիտարկում է դրական պրակտիկա: Այդ հանգամանքը արձանագրված է եղել Կառավարության որոշմամբ, այժմ առաջարկվում է ամրագրել օրենքում:
Առաջարկվում է սահմանել նաեւ ձերբակալված եւ կալանավորված անձին բժշկական զննության ենթարկած բժշկի կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված արձանագրության դեպքերը, եթե առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը կամ դիմումը կամ նմանատիպ նախանշաններ է հայտնաբերել բուժաշխատողը կամ ձերբակալվածների պահման վայրի վարչակազմի ծառայողներն են բուժաշխատողին դիմել ու հայտնել նման ենթադրյալ վերաբերմունքի դեպքերի մասին: Նախատեսվում է նաեւ սահմանել լիազորող նորմեր, որոնցով լիազորություն կտրվի Առողջապահության նախարարին սահմանելու այդ արձանագրության ձեւը եւ դրա լրացման կարգը: Լրացումից հետո նման արձանագրության մասին պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացվի Քննչական մարմնին եւ Դատախազությանը, հնարավորության դեպքում նաեւ էլեկտրոնային եղանակով:
Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ այս մասով առաջարկ է ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Ըստ առաջարկի՝ այդ դեպքերը պետք է ամրագրվեն նաեւ բժշկական ընդհանուր էլեկտրոնային համակարգում՝ Արմեդ-ում:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկն ընդունելի է, սակայն տեխնիկական տեսանկյունից առավել նպատակահարմար է իրականացնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: