Բաքվում գտնվող հայ գերիներին և պատանդներին վերդարաձնելու պահանջով ակցիաները շարունակվում են։ Քաղաքացիներն այս անգամ հավաքվել են Կառավարության շենքի դիմաց՝ ևս մեկ անգամ հիշեցնելու իշխանություններին իրենց պարտականությունների մասին։
«Այս իշխանությունները նույն ձև՝ անբարտավան շարունակում են իրենց պահվածքը, ասելով՝ ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը, որ չի անում։ Մենք բոլորս գիտենք, որ նրանք ոչինչ չեն ձեռնարկում, այսօր ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ պետք է արվի, որը չի արվում, եթե չասեմ՝ ինչ պետք է չարվի, որը արվում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նա նշեց, թե քանի որ այս իշխանություները մոռացության տալու հակում ունեն թեման, իրենք պարտաստվում են տարբեր միջոցառումներով թեման պահել օրակարգում։
«Ակցիաների միջոցով շարունակելու ենք խոսել, որ չծաղրեն ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին»,-ասաց նա։
Մանե Թանդիլյանը հիշեցրեց՝ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը իշխանություններին հուշում էր, թե ինչ քայլեր պետք է արվեն, նաև կոչ էր անում չեզոք երկրներին ներգրավել, որոնց անդամները, դեսպանատան աշխատակիցներն առնվազն մասնակից լիեն Բաքվի դատավարական ֆարսին․ «Գոնե այդպես կունենանք ինֆորմացիայի երկրորդ աղբյուր։ Այժմ ունենք ադրբեջանական պետական լրատվամիջոցների ինֆորմացիան, և պետք է խնդրեմ, հորդորեմ չքննարկել ու չքննադատել այդ լրատվության միջոցով եկած որևէ տեղեկատվություն՝ պատանդների խոսքից»,-ասաց նա։