ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևանի Մուրացան 110/1 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվում են պատերազմում զոհվածների ծնողներ, ինչպես նաև՝ հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով զինծառայողների ընտանիքներ։
Փետրվարի 13-ին Կառավարության կողմից որոշում է կայացվել օտարել շենքը, և ներկայումս ամեն ինչ արվում է, որպեսզի աճուրդի հանված շենքից տասնյակ բնակիչներն օր առաջ վտարվեն։
Առանց հոսանքի մնացած բնակիչներն այսօր հավաքվել էին «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակում։ Ես նույնպես այնտեղ էի՝ հասկանալու, թե մինչև որտեղ կարող է հասնել այս իշխանությունների անբարոյականությունն ու անխղճությունը։
Զավեշտալին այն է, որ շենքն աճուրդի հանելու մասին բնակիչներին նախապես չեն տեղեկացրել, պատկան մարմիններից որևէ ներկայացուցիչ չի այցելել։
Ինձ հայտնեցին, որ տարիներ առաջ իրենց այցելել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Տեսնելով, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում այս մարդիկ, խոստացել են ավելի արժանապատիվ պայմաններով շենք հատկացնել։ Սակայն, 2018 թվականի իշխանափոխությունից հետո այս խոստումներն ի կատար չեն ածվել։
Այնտեղ էին 44-օրյա պատերազմի մասնակիցների, անհայտ կորածների մայրեր, որոնք իրենց մեջ ուժ գտնելով զբաղվում են նաև հասարակական գործունեությամբ։
Սա՞ է ձեր վերաբերմունքը, անտո՞ւն եք ուզում թողնել այս մարդկանց։
Սա բոլորիս արժանապատվության հարցն է։ Չպետք է թույլ տալ այսպիսի վերաբերմունք մեր հայրենիքին ամենաթանկը նվիրած մայրերի հանդեպ։
Խնդրի կապակցությամբ ուղարկելու եմ գրություններ, ինչպես նաև՝ հարցը բարձրաձայնելու եմ Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստերի ժամանակ»։