Ճիշտ ԱՐԵՎԻ պես, ու երբ ժպտում էր լուսափայլ ջերմություն էր սփռում. Ընկերները՝ Դեղտրիկյանի մասին


Ճիշտ ԱՐԵՎԻ պես, ու երբ ժպտում էր լուսափայլ ջերմություն էր սփռում. Ընկերները՝ Դեղտրիկյանի մասին
Մարտ 19 10:51 2025

Թատերական աշխարհը սգում է Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի մահը։ Խաղընկերները դրվագներ են հիշում  Դեղտրիկյանի հետ շփումներից, նրան նկարագրում անփոխարինելի ընկեր, լուսավոր մարդ, արվեստի նվիրյալ։

Դերասան Հովհաննես Բաբախանյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված մահվան բոթի ներքո գրել է.

«Մեծ ցավով ընդունեցի համակուրսեցուս՚ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի մահվան լուրը։ Բացառիկ տաղանդավոր ԱՐՏԻՍՏ, անփոխարինելի ընկեր, լուսավոր մարդ, արվեստի մեծ նվիրյալ …

Խոր վշտով ցավակցում եմ նրա տիկնոջն ու դստերը՝ իմ հարազատներ՝ Կարինե Աճեմյանին ու Մանանին… Ափսոս… Ամենաներդաշնակ, սիրառատ ու ջերմ ընտանիքներից մեկը… Աստծով մխիթարվեք…

Թող Արայի նվիրած սերն ու ջերմությունը որպես լույս ապրի ձեր սրտերում…

Արան բացառիկ ժպիտ ուներ՝. Ճիշտ ԱՐԵՎԻ պես, ու երբ ժպտում էր լուսափայլ ջերմություն էր սփռում…

Աստծո փառահեղ արքայության մեջ ապրի հոգին…

Արա Դեղտրիկյան արտիստի անփոխարինելի տեսակը միշտ վառ կմնա նրա խաղընկերների և հանդիսատեսի սրտերում…»։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ինսթագրամի իր էջում կաևճ տեսանյութ է հրապարկել ու գրել.

«Պատիվ եմ ունեցել ճանաչել Ձեզ անձամբ թե՜ որպես խաղընկեր , թե՜ որպես ընկեր ու ՄԱՐԴ ...արարել , ստեղծագործել, լսել Ձեր խոսքը , խորհուրդները , հումորը ... չգիտեմ ... խոսքեր չեմ գտնում ասելու ... հազար Ափսոս... մեր շատ սիրելի պարոն Դեղտրիկյան...»։

Պրոդյուսեր Դիաննա Գրիգորյանը գրել է.

«Անկարող եմ խոսել և արտահայտել այն ինչ զգում եմ այս պահին: Ես միշտ սիրով եմ աշխատել նրա հետ, նրա հետ սիրով աշխատում էր իմ խումբը, որովհետև նա միշտ Սեր էր տարածում: Բախտ եմ ունեցել նրա հետ գտնվել նկարահանման հրապարակում իբրև դերասանուհի: Լավ գործընկեր, հոգատար ընկեր, բարի անսահման, նկարահանման հրապարակում հումորի պակաս չէր լինում, եթե նա ներկա էր: Հիշում եմ, թե ինչպես էր մեզ համար համեղ ուտեստներ պատրաստում, որքան համեղ էր պատրաստում: Տոն էր ինձ համար , երբ գիտեի, որ այդ օրը նրա հետ եմ նկարահանման: Հումորի մեծ չափաբաժնով, անսահման բարի, աննկարագրելի շռայլ, հոգատար, սրտացավ, Լույս Մարդ, վարպետ իր գործում: Հիշում եմ `որքան հոգատար էր իմ նկատմամբ, երբ կոտրված ոտքով գնում էի նկարահանման: Նա ուներ ուրույն ձեռագիր ոչ միայն կինոյում և թատրոնում այլ նաև` կյանքում: Բազմաբովանդակ մարդ, արտիստ, ընկեր:

Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14 ին` ծննդյան օրը: Այնքան լիահույս էի, որ ապաքինվելու է, խոստացավ, որ մի փոքր լավ զգալու դեքպում անպայման կհանդիպենք… Ավաղ»։

Նա մի արտիստ էր , որ ի զորու էր մխիթարել ու բժշկել մարդկանց հոգիներն իր մեծագույն զենքերով` տաղանդով ու ծիծաղով»։