Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ում գործով դատաքննությունը կվերսկսվի, կարծում է, որ դատավոր Վահե Դոլմազյանը պատվեր է ստացել ու փորձում է կատարել։
«Ինձ այդպես է թվում, թող դատավորն ապացուցի, որ այդպես չէ, ես մեծ սիրով կընդունեմ իմ սխալն ու ներողություն կխնդրեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդազարյանը։
Նա ասաց, որ դատավոր Վահե Դոլմազյանի որոշումն իր համար զարմանալի էր ու անսպասելի։
ԲԴԽ նախկին նախագահը նշեց, թե ինքը չպետք է ապացուցի իր անմեղությունը, դատախազությունը, դատարանը պետք է ապացուցեն, որ ձայնագրությունում, որն առկա է, ինքն է խոսել։
«Ես պնդում եմ, որ գործում չկա որևէ ապացույց, որ ձայնագրությունը մոնտաժված չէ, որ դա իմ ձայնն է ու արհեստական բանականության միջոցով չի գեներացվել»,- նշեց Վարդազարյանը։
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը կվերսկսվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր որոշեց գործի քննությունը վերսկսել։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:
Նա, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:
Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով իրեն է դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաև ձայնագրություն. Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով վերջինից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցըկալանավորումը։