Շատ լավ են արել, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն, որովհետև չգիտենք թե ցանկացած մարդու թիկնազորը ինչով է զբաղվում։ Այս մասին Աժ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով իր թիկնազորի անդամերին բերման ենթարկելու դեպքին:
«Նման մի քննարկում եղել է, որ թիկնազորները սոցիալական անհավասարության կարծիք են ստեղծում կամ այդպիսի տպավորություն են թողնում: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն լինի բոլորի համար հավասար: Հնարավոր է, որ ես նույնպես որպես պատգամավոր, որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ, մտածեմ, որ այդ թիկնազորներով քաղաքում, քաղաքից դուրս պտտվելն այդքան էլ ընկալելի չի ինչպես տուրիստական հատվածի, այնպես էլ՝ քաղաքացիների համար»,- ասաց նա:
Սուքիասյանը նշեց, որ այդտեղ պետք է այլ մեխանիզմներ մտածեն: «Նոր օրենք պետք է գրվի, դրանք պետք է ավելի կանոնակարգված բնույթ կրեն»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ չգիտի՝ ինչ էին փնտրում իր թիկնազորի անդամների մոտ: «Ի՞նչ է նշանակում զենք փնտրել, դրա համար պետք է օպերատիվ տվյալներ իմանալ, հետո փնտրեն: Եթե փնտրելու բան չկա, չեն փնտրի, դա էլ թող հասկանան որ զենք փնտրելով չի, այլ պետք է իմանան զենքը կա՞, հատուկ գործիքներով որով կարող են իմանալ: Բայց դա ուղղակի օպերատիվ տվյալ է եղել, ոստիկանությունն իրավունք ունի ցանկացած բան ասի՝ ելնելով իր օպերատիվ տվյալներով»:
Սուքիասյանը նշեց, որ գետին տապալել չի եղել: «Այդ գետին տապալելը դարձրել եք օգտագործման թեմա, հրավիրել են, պարզաբանումներ են վերցրել, ինչի համար ես ողջունում եմ նման գործելաոճը: Նախապես զգուշացրել էին, ուղղակի ես Հայաստանում չէի»,- հավելեց նա: