Այսօր Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց ավագանու ընտրությունների քարոզարշավը:
«Մեր քաղաքը» դաշինքը՝ քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, քարոզարշավի մեկնարկին ստացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությունը, այնուհետև Գյումրու տեխնոպարկում համակիրների հետ հանդիպում տեղի ունեցավ:
«Ավանդույթ է դարձել, որ ընտրություններից առաջ մեր օրհնությունը փոխանցենք ձեզ: Դա ոչ միայն խոսում է մեր միջև ձևավորված մտերմության մասին, այլ նաև պետություն- իշխանություն-հասարակություն-ՏԻՄ հարաբերություններում ձեր տեսլականի մասին, որ կարևորում եք եկեղեցու ներդրումն ու ներկայությունը: Ցավոք, 30 տարվա մեր պետականության ու անկախության պայմաններում ոչ բոլոր ուժերն են , որ հասկացան ու ըմբռնեցին եկեղեցու դերն ու ներկայությունը: Եվ դա առավել վնաս բերեց երկրին ու պետությանը»,-հանդիպման ժամանակ ասաց Միքայել Սրբազանը:
Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրուցյում նշեց՝ Գյումրու բոլոր խնդիրներին լուծում կա, և ընտրվելու դեպքում դրանց լուծումներ տալու են. «Կարևորը կամքն է․ եթե լինի կամք, ցանկություն, պայքարող քաղաքապետ, ապա բոլոր խնդիրներին լուծում կտրվի: Ունենք հստակ ծրագրեր ու պատասխաններ: Եթե գյումրեցիների կամքով ընտրվեմ քաղաքապետ, ապա կկարողանամ այդ խնդիրներին լուծում տալ»:
Գրիգորյանը բոլոր թեկնածուներին հանդարտության կոչ ուղղեց. «Այս ամենն անցնելու է, մենք ենք մնալու այս քաղաքում: Կոչ եմ անում զսպվածություն դրսևորել»:
«Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն համակիրների հետ հանդիպումը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմում զոհվածների հիշատակը։ Նախօրեին Մարտուն Գրիգորյանը ավագանու անդամների թեկնածուների հետ այցելել էր «Շիրակ» զինվորական պանթեոն:
«Գյումրեցին չպետք է ընտրի այն ուժի թեկնածուի օգտին, որոնց պատճառով մենք այսօր չունենք Արցախ: Գյումրեցին պետք է ընտրի այն թեկնածուներին, որոնք իշխանությունների հետ աշխատելու իմունիտետ են ձեռք բերել: 14 տարի եղել եմ պատգամավոր, որից 13 տարին եղել եմ ընդդիմադիր: Այդ տարիների ընթացքում բազում փորձությունների միջով եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ խոնարհել ոչ մի պաշտոնյայի առաջ, ամեն ինչի միջից դուրս եմ եկել որպես պատվով գյումրեցի: Այս բառը գյումրեցուն շատ հատուկ է, բայց այսօր այն արժեզրկվել է։ Ես հավաստիացնում եմ՝ գալու է այն օրը, որ գյումրեցին այդ բառով իրեն լավ է զգալու: Երբեք իմ դուխը չի պակասել ու չի պակասելու»:
Մարտուն Գրիգորյանը նշեց, որ իշխանությունները փորձում են ընդդիմադիրներին տարբեր շինծու գործերով լռեցնել, դաշտից հեռացնել: Նա հիշեցրեց «Բալասանյան դաշինքի» դեպքը և ասաց, որ նրանք թույլ գտնվեցին, չպայքարեցին իրենց քվեների, ժողովրդի ձայնի համար. «Շատ լավ հարաբերությունների մեջ եմ Բալասանյան ընտանիքի հետ, բայց Բալասանյան դաշինքը» չկարողացավ պահել ժողովրդի քվեն»:
Գրիգորյանը վստահեցրեց՝ չկա մի բան, որի համար կկարողանան իրեն դիպչել. «Սակայն դա չի նշանակում, որ չի կարող լինել: Այսինքն՝ իշխանությունները շինծու կարող են ամեն ինչ անել: Սակայն ես կնախընտրեմ ճաղերի հետևում լինել, քան հետքայլ անել»:
Այնուհետև Մարտուն Գրիգորյանն իր թիմակիցների հետ ոտքով քայլեցին դեպի «Յոթ վերք» եկեղեցի՝ մոմավառության: