Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենին
Մարտ 15 17:24 2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Տիար Մելքոնյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել երկու կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցության մասին, որի նպատակն է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների  ինստիտուտում «Հայագիտություն» բակալավրիատի ծրագրի ստեղծումն ու այդ ոլորտում համագործակցության խորացումը։

Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձել է Մոսկվայի պետական համալսարանի և ԵՊՀ-ի միջև ձևավորված կապերին և հայագիտության ոլորտում նախանշվող ծրագրերին, որոնք կնպաստեն փոխադարձ ճանաչողության առավել խորացմանը, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությանը` ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության զորացման։

Զրույցի ընթացքում ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, ներկայացրել է հայագիտության ծրագրի հեռանկարները՝ հայագետների պատրաստման, հայ մշակույթի, լեզվի և պատմության ուսումնասիրության ու տարածման գործում։ Այս առնչությամբ տիար Մասլովը կարևորել է նաև համագործակցությունը Մայր Աթոռի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ։

Իր հերթին Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայ Եկեղեցին կարելի իր նպաստը կբերի հայագիտական ծրագրի արդյունավետ իրագործման համար։