«Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման․ Պատրաստ ենք Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը


«Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման․ Պատրաստ ենք Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Մարտ 13 17:43 2025

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․

 

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

 

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

 

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

 

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»։