Արցախի 100 000-ավոր հայրենակիցների անունից դիմում ենք Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի անդամներին. ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան առջև հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ստորին պալատի կողմից ընդունված բանաձևը մեր ժողովրդի համար որպես հույսի և լույսի շող էր, և խնդրում ենք, որ Վերին պալատը ևս հավատարիմ մնա մարդու իրավունքների, հումանիզմի գաղափարներին և ևս կանաչ լույս վառի այդ գաղափարի համար։ Խնդրում ենք, որ կանգնի պատմության ճիշտ կողմում և իր քայլով ևս մեկ անգամ ապացուցի, որ Շվեյցարիայի նման պետությունը հաշտ չէ տեղի ունեցողի հետ՝ 150 000 անձանց բռնի տեղահանման, էթնիկ զրտման, նրանց պատմամշակութային ժառանգության վերացման հանգամանքի և իրավիճակի հետ։ Եվ ոչ միայն հաշտ չէ, այլ նաև պատրաստ է ստանձնել պատասխանատվություն այդ անձանց իրավունքները պաշտպանելու համար»,-ասաց Ստեփանյանը։
Նա հիշեցրեց, որ Շվեյցարիայի Ստորին պալատը դեկտեմբերին ընդունել է բանաձև, որը կոչվում է «Խաղաղության համաժողով ԼՂ-ի համար» և որի հիմնական ուղերձն այն է, որ Շվեյցարիայի Ստորին պալարտը համաձան չէ այն ամենի հետ, ինչ կատարվել է Արցախի ժողովրդի հետ, և արցախցին պետք է հնարավորություն ունենա լսված լինելու, ձևավորվի հարթակ, որը հնարավորություն կտա Արցախի ժողովրդին ներկայանալու և քննարկելու իր իրավունքները, այդ թվում՝ նաև վերադարձի իրավունքը։
«Այսօրվա հավաքի նպատակներից մեկն այն է, որ մեր խնդրանքն ուղղենք նաև Վերին պալատի պատգամավորներին՝ թվով 46 հոգի, ովքեր մարտի 18-ին քննարկելու են նույն բանաձևի ընդունման հարցը։ Եթե ընդունվեց, բանաձևը օրենքի ուժ է ստանում և դրանից բխում է, որ կառավարությունը պետք է պարտավորություն ստանձնի՝ ի կատար անելու համար»,-ասաց նա։
Ստեփանյանը նշեց, որ այսօր նամակ կուղղեն նաև Շվեյցարիայի ԱԳ նախարարին՝ կառավարության դիրքորոշումը հօգուտ այդ բանաձևին արտահայտեն։