Արցախցիների հերթական հավաքն այսօր Շվեյցարիայի դեսպանատան առջև է։ Նրանք Շվեցարիայի կառավարությանը խնդրում են միջնորդություն ստանձնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքն իրացնելու համար և այդ նպատակով միջազգային քննարկումներ նախաձեռնել։
«Խնդրում ենք օրակարգային դարձնել արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը՝ համապատասխան երաշխիքներով և նաև գերիների ու պատանդառված անձանց վերադարձի հարցը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նշենք, որ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում սպասվում են քննարկումներ։ Օրակարգում են միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշիքներով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսության հաստատման, ինչպես նաև հայերի ապահով վերադարձի հարցերը:
«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր շնորհակալությունը հայտնենք և նաև կոչ ունենք խորհրդարականներին հղելու»,-ասաց նա։
Ըստ Հակոբյանի՝ Կառավարությունն իր անելիքը չի անում. «Բայց կան անելիքներ, որի ուղղությամբ հնարավոր է աշխատանքներ տանել և թուլ չտալ Արցախի հարցը փակել, թույլ չտալ, որ աշխարհը անտարբեր վերաբերվի գերիների ու պատանդառված անձանց, թույլ չտալ, որ մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացումը հանգիստ ու լուռ դիտվի աշխարհի կողմից»,-ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ այս աշխատանքներն իշխանության փոփոխության պարագայում օրակարգային հարց կարող են դառնալ միջազգային հարթակներում։