Հայաստանը չունի ագրեսիայի մտադրություն որևէ երկրի նկատմամբ. գտնվում ենք մեր բանակը բարեփոխելու գործընթացում. Արարատ Միրզոյան


Հայաստանը չունի ագրեսիայի մտադրություն որևէ երկրի նկատմամբ. գտնվում ենք մեր բանակը բարեփոխելու գործընթացում. Արարատ Միրզոյան
Մարտ 12 11:02 2025

Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ, հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Հնդկաստանում արտադրված պաշտպանական միջոցների, հատկապես, «Պինակա» ձեռք բերելու շուրջ Բաքվի դժգոհություններին։

«Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողությունները արդիականացնելն է, պաշտպանական համակարգը որպես ամբողջություն արդիականացնելը, և ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ տեղերից ներկրված սարքավորումները միտված են ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի ունենալուն»,- նշել է նա։

Միրզոյանի խոսքով՝ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանը շատ սերտ համագործակցություն ունի Հնդկաստանի հետ։

«Եվ ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա: Բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը և, մասնավորապես, Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռք բերումը Հայաստանի կողմից նախատեսված չէ օգտագործվելու կամ, այնուամենայնիվ, որևէ այլ իմաստով, այն ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ: Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ, բայց նաև, ընդհանուր առմամբ, մենք շատ կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա:

Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը, մեր բանակը բարեփոխելու, մեր բանակը արդիականացնելու գործընթացում, և այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին, սա հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։