ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպումից։
«Շնորհակալություն նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Դելիում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
Մենք արդյունավետ քննարկում ունեցանք երկկողմ օրակարգի առանցքային թեմաների շուրջ՝ անդրադառնալով մեր ձեռք բերած նշանակալի առաջընթացին և նախանշելով Հայաստան-Հնդկաստան գործընկերության հետագա խորացման ուղիները»,-X-ում գրել է Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջ հետ քննարկել է նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Հնդկաստանի ԱԳ նախարարը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են առևտրի, ներդրումների, կրթության, կապի և մշակույթի զարգացման վերաբերյալ հարցեր:
«Մտքեր ենք փոխանակել նաև գլոբալ և տարածաշրջանային վերջին զարգացումների հեռանկարների շուրջ»,-հավելել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։