Այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը. նրա հացադուլի 22-րդ օրն է


Այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը. նրա հացադուլի 22-րդ օրն է
Մարտ 11 11:31 2025

Բաքվի ռազմական դատարանում այսօր նախատեսված են Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումները: Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Արդեն 22-րդ օրն է նա գտնվում է հացադուլի մեջ: Անցած շաբաթ հրապարակված լուսանկարներում նա խիստ հյուծված տեսք ուներ:

 Մարտի 5-ին նա ընտանիքի միջոցով ձայնային ուղերձ էր փոխանցել՝ ընդգծելով, որ իր պահանջները նույնն են. 

«Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից: Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին»: 

Դեռ փետրվարի 26-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել էր, որ նրա առողջությունը վտանգված է: Գենսերի մուտքը Ադրբեջան արգելվել է, ուստի նա կոչ էր արել միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, Վարդանյանին այցելելու թույլտվություն ստանալ:

 Այս հայտարարությունից անցել է երկու շաբաթից ավելի: Հայտնի չէ, այսօրվա նիստում Ռուբեն Վարդանյանը առողջական ինչ վիճակում է գտնվելու: 

Չնայած ադրբեջանական դատարանի համար դա որևէ նշանակություն չունի. նախորդ նիստերում չնայած Վարդանյանի վատ ինքնազգացողությունը, նրանք շարունակել էին դատավարություն կոչվող իրենց ֆարսը: